Գլխավոր Արցախ Արցախում կապի 2-րդ օպերատոր կլինի և ՀՀ հետ ռոումինգը կվերանա․ Մայիլյան

Արցախում կապի 2-րդ օպերատոր կլինի և ՀՀ հետ ռոումինգը կվերանա․ Մայիլյան

1

2020-ին Արցախում կվերանա հեռահաղորդակցության ոլորտում գործող մենաշնորհը, կլինի 2-րդ օպերատոր։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, որը հայտարարել է 2020-ին Արցախի նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին:

Նա նշել է, որ այդպիսով կունենանք սահմանամերձ գոտում պաշտպանված կապ և Արցախի ու ՀՀ-ի միջև ռոումինգի փաստացի վերացում։

«Վերջին ամիսներին անցկացված հանդիպումներն ու խորհրդատվությունները թույլ են տալիս վստահաբար ասելու, որ 2020 թվականին Արցախ մուտք կգործի 2-րդ օպերատոր։ Նման ծրագրի համար առկա են ներդրողներ և փորձառու մասնագետներ։ Ստեղծվել են հնարավորություններ՝ լուծելու հեռահաղորդակցության ոլորտում մենաշնորհի հետ կապված խնդիրը։

Հետամուտ եմ այդ գործին և ունեմ քաղաքական կամք՝ 2020 թվականին ապահովելու համապատասխան պայմաններ՝ հեռահաղորդակցության ոլորտում մենաշնորհը հաղթահարելու և 2-րդ օպերատորի՝ Արցախ մուտք գործելու համար։ Ի՞նչ կտա դա մեզ բոլորիս։

Առաջին հերթին՝ որակյալ ու ցածր գներով շարժական կապ։ Մրցակցությունը գործող օպերատորին կստիպի իր բաժանորդների համար նվազեցնել սակագները։ Ապա՝ ժամանակակից 4G/LTE ձևաչափով որակյալ և մատչելի շարժական համացանցի հասանելիություն։ Նոր աշխատատեղեր, առաջին հերթին՝ երիտասարդ մասնագետների համար»,-ասվում է գրառման մեջ։

Երկրորդ օպերատորի մուտք գործելուց կշահեն նաև ոլորտի փորձառու աշխատակիցները, ովքեր կունենան այլընտրանք՝ մասնագիտական գիտելիքները ներդնելու նոր ընկերությունում։ Բնականաբար, որպես հետևանք՝ այն կխթանի գործող օպերատորի կողմից աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը»։

Լավ նորություն։ 2020 թվականին կվերանա հեռահաղորդակցության ոլորտում գործող մենաշնորհը, և կունենանք 2-րդ օպերատոր։…

Опубликовано Masis Mayilian / Մասիս Մայիլյան Пятница, 8 ноября 2019 г.