Գլխավոր Նորություններ Սերժ Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչում, ունի շատ հիմնավոր կարծիք՝ իր նկատմամբ...

Սերժ Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչում, ունի շատ հիմնավոր կարծիք՝ իր նկատմամբ կատարվում է քաղաքական հետապնդում․ 3-րդ նախագահի պաշտպան Ամրամ Մակինյան (տեսանյութ)

1
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը, նախքան մեղադրանքի հիմնավորվածության մասին խոսելը, ներկայացրեց մի քանի փաստ: Ըստ նրա, անցած ուրբաթ Հատուկ քննչական ծառայությունը Սերժ Սարգսյանին որպես վկա  հարցաքննության կանչելու ծանուցագիր էր ուղարկել՝ այսօր ժամը 13։30-ին ներկայանալու համար:  «Շատ հստակ նշվել է անձի դատավարական կարգավիճակը, որը պայմանավորված է նրանով, որ օրենսդիրը պարտադրում է քննիչին անձին հարցաքննության կանչելուց առաջ ֆիքսել դատավարական կարգավիճակը»,- ասաց Մակինյանը: Փաստաբանի խոսքով, երբ Սերժ Սարգսյանը ներկայացել է հարցաքննության, քննիչն այդ ժամանակ տեղեկացրել է, որ կասկածանքի շուրջ է հարցաքննվելու: «Երբ այդ փաստը մեզ հայտնեցին, շատ լուրջ իրավական խնդիր առաջացավ: Քանի որ Սերժ Սարգսյանին հարցեր պիտի ուղղվեին իր պաշտոնավարման ժամանակահատվածում  պաշտոնական դիրքի բերումով կատարված որոշակի գործողությունների վերաբերյալ:  ՀՀ Սահմանադրության 2005 և 2015 թվականի փոփոխությունները ՀՀ նախագահին օժտում են անձեռնմխելիությամբ: Այդ իրավիճակում վարույթ իրականացնող մարմնի մոտ պետք է հարց առաջանար՝ հաղթահարվե՞լ է արդյոք նախագահի անձեռնմխելիությունը, թե ոչ»,- ասաց փաստաբանը: Նրա խոսքով՝ իրենք նույն պահին համապատասխան առարկություն են ներկայացրել, որ նախագահն օժտված է անձեռնմխելիությամբ, սակայն դա ոչինչ չի փոխել վարույթն  իրականացնող մարմնի գործողություններում և շարունակվել է հարցաքննությունը կասկածյալի կարգավիճակում:  Ամրամ Մակինյանը նաև նշեց, որ Սերժ Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչում, ունի շատ հիմնավոր կարծիք՝ իր նկատմամբ կատարվում է քաղաքական հետապնդում։ Հիշեցնենք, որ ՀՀ նախկին նախագահ  Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Փաստաբանի խոսքով՝ հարցաքննությունն ավարտվելուց հետո կատարվեց առերես հարցաքննություն այս քրեական գործով անցնող և մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձի հետ: Առերեսումն ավարտվեց ժամը 16:10-ին: «Դուրս եկավ անձը, մեզ խնդրեցին սպասել: Ժամը 16:12 րոպեին քննիչը սեղանից շրջեց փաստաթղթեր, որոնք վերնագրված էին որպես մեղադրյալ ներգրավվելու  մասին որոշում: Սա առնվազն կախարդանք կարող է լինել այն իմաստով, որ 6 թերթից կազմված որոշումը քննիչը կարող էր իմ, իմ գործընկերոջ և պարոն նախագահի ներկայությամբ 2 րոպեում կազմել, տպել և ներկայացնել: Քրեական դատավարության մասին օրենսգիրքն ասում է՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը բավարար ապացույցների համակցությունն է: Սա ուղիղ ցույց է տալիս, որ պարոն Սարգսյանի հարցաքննությունը, առերեսումը վարույթն իրականացնող մարմնի համար կոպեկի արժեք ի սկզբանե չուներ: Որոշումն արդեն ընդունված էր: Մենք համոզմունք ունենք, որ որոշումը չէր ընդունվել ՀՔԾ շենքում:  Այս որոշումն արդեն ընդունված, կայացրած  և ձեւակերպված էր»,- ասաց փաստաբանը: Նա նաև հավելեց, որ իրենց առարկությունները  ու դիտողություններն արձանագրել են ՀՔԾ-ում, և պատրաստվում են շատ կարճ ժամկետում նախագահի անձեռնմխելիության ինստիտուտը չհաղթահարելու պայմաններում  որպես մեղադրյալ ներգրավելու խափանման միջոց կիրառելու փաստը բողոքարկել գլխավոր դատախազին և պահանջելու են, որ անհիմն որոշումը վերացնեն: