Բալահովիտում 25-ամյա բնակիչը սպանել էր 35-ամյա տղամարդուն, թաքցրել նրա մարմինը. Դեպքը բացահայտվել է ութ ամիս անց (Տեսանյութ)

Դեպքը կատարվել էր անցյալ տարվա աշնանը։ Նոյեմբերի 2-ին Ջրվեժ համայնքի մի բնակչուհի ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր տվել, որ հոկտեմբերի 31-ին, ժամը 13.00-ի սահմաններում, 35-ամյա ամուսինը Բալահովիտ գնալու նպատակով դուրս էր եկել տնից և չէր վերադարձել։

Որոնողական աշխատանքն արդյունք չտվեց, և նոյեմբերի 12-ին սպանության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց։
Բազմակողմանի միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ 35-ամյա տղամարդուն սպանել էր Բալահովիտ գյուղի 25-ամյա մի բնակիչ, որին հայտնաբերել չհաջողվեց։

Ապրիլի 28-ին քրեական ոստիկանության գլխավոր և Կոտայքի մարզային վարչությունների ծառայողները, փոխգործակցելով Կոտայքի բաժնի քրեական հետախույզների և նախաքննական մարմնի աշխատակիցների հետ, Հատիս գյուղի վարչական տարածքի դաշտում հայտնաբերեցին մարդու գլուխ և մարմին. հագուստը համընկնում էր անհետ կորած տղամարդու հագուստի հետ: Մինչ այդ կասկածյալի տան և ավտոտնակի խուզարկությամբ արնանման հետքեր էին հայտնաբերվել, որոնք, ըստ դատագենետիկական փորձաքննության, համընկնում էին դիակից վերցված փորձանմուշների հետ:

Հունիսի 14-ին Բալահովիտ գյուղի 25-ամյա բնակչի նկատմամբ սպանության մեղադրանքով հետախուզում հայտարարվեց։
Հարազատների հետ բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 23-ին հետախուզվողը ներկայացավ ոստիկանության Կոտայքի բաժին։

Նա ներկայացվել է նախաքննական մարմնին։ Սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։