Ես չեմ ուզում վախեցնել, բայց կա պատերազմի հավանականություն. ռազմական փորձագետ

Հայ-ադրբեջանական սահմանին կրկին զորավարժություններ են։ Այս անգամ այն եռակողմ է Թուրքիային և Ադրբեջանին է միացել նաև Պակիստանն՝ իր հսկա կործանիչներով։ Թեմայի շուրջ «Փաստարկ» լրատվականը զրուցել է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի հետ։

— Պարո՛ն Համբարձումյան, ի՞նչով են առանձնանում այս զորավարժությունները։

— Առաջին անգամ Պակիստանը ներկայանում է սեփական կործանիչներով, ինչը կարևոր ահազանգ է Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի համար։ Պակիստանը միակ երկիրն է, որը չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն։ Պակիստանը ունի միջուկային ահռելի զինանոց։ Ամիսներ առաջ Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի միջև ռազմավարական համաձայնագրեր են ստորագրվել, իսկ այս զորավարժությունները դրա տրամաբանական շարունակությունն են։ Սա Հայաստանի համար լուրջ սպառնալիք է։ 44-օրյա պատերազմում Պակիստանի հատուկ նշանակության զորքերը պատրաստում էին Ադրբեջանի հատուկ նշանակության զորքերին։ Պակիստանյան կործանիչները շուտով ձեռք են բերվելու Ադրբեջանի կողմից։ Բացի այդ, հաշվի առնենք, որ Պակիստանի ռազմարդյունաբերության նախարարը տարիներ առաջ հայտարարել է, որ Ադրբեջանն իրենց ռազմավարական դաշնակիցն է և պատրաստ են սպառազինություն մատակարարել։

— Ի՞նչ զուգահեռներ կարող ենք տանել 44-օրյա պատերազմից առաջ մեկնարկած զորավարժությունների և այս զորավարժությունների միջև։

— Սեպտեմբերի 27-ից առաջ ավելի մասշտաբային զորավարժություններ էին։ Այն ժամանակ հստակ էր, որ պատերազմն անխուսափելի է։ Հիմա միայն ռազմաօդային զորավարժանքներ են։ Այն ժամանակ բոլոր ուժերն էին ներգրավված։ Սակայն չի կարելի ասել, որ հիմա պատերազմի վտանգ չկա։ Այսօր էլ առանձին Թուրքիան և Ադրբեջանն են սկսել համատեղ զորավարժություններ անցկացնել Բաքվում, որը տևելու է 3-4 օր։

— Մինչ պատերազմը և պատերազմից հետո զորավարժություններն իրենց քանակով աննախադեպ են։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

— Զորավարժություններն ընդհանրապես կյանքի են կոչված պատրաստվելու գալիք պատերազմին։ Ես չեմ ուզում վախեցնել, բայց կա պատերազմի հավանականություն, իսկ դրա համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել։ Զորավարժություններն աննախադեպ են դարձել, քանի որ պետք է հիշնեք Ալիևի մի քանի ամիս առաջ արած արտահայտությունն այն մասին, որ եթե Զանգեզուրի միջանցքը հայերը չտրամադրեն, ապա իրենք դա կբացեն ռազմական ճանապարհով։ Զորավարժություններով ուզում են նաև հոգեպես ազդել ՀՀ ռազմական ղեկավարության վրա։

— Այստեղ քաղաքական մեսրիջ կա՞։

— Այո՛, իհարակե։ Այդ կերպ ուզում են հասկացնել, որ եթե չտաք միջանցքն ու անկլավներն, ապա այն կվերցնենք ուժով։ Եվ նրանք իրոք պատրաստվում են հարցը լուծել ուժով։ Սրանից ավելի պարզ հաղորդագրություն չի լինում։ Նման հաղորդագրություն կար նաև սեպտեմբերի 27-ից առաջ։

— Ի՞նչ հակառակ մեսիջ ՀՀ-ն կարող է ուղղել Ադրբեջանին։

— Հայաստանը միայնակ չի կարողանա դիմակայել, հետևաբար գտնում եմ, որ Հայաստանը պետք է տա ասիմետրիկ պատասխան։ Դա Ռուսաստանն է և Իրանը։ Հայաստանը պետք է կարողանա վերականգնել փոխադարձ վստահությունը, որն այս պահին չկա։ Իրանը և Ռուսաստանը չեն վստահում Հայաստանին։ Հայաստանն այս պահին պռոարևմտյան քայլեր է անում Եվրամիությանը հաճոյանալու համար, ինչն Իրանին դուր չի գալիս։ Բացի այդ Հայաստանը որոշ հարցերում Ռուսաստանին մեջքից հարվածեց։ Լուծումը Ռուսաստանի հետ համատեղ ռազմաբազա հիմնելն է։ Այ սա կլինի համարժեք պատասխան։