Մենք այս հասարակությանը ոչ թե պետք է ասենք՝ անկիրթ, փնթի, բոմժ, թուրք, այլ պետք է նրան կրթենք. Նաիրա Զոհրաբյան

«Միգուցե պետք չէր հասարակության նիկոլապաշտ հատվածին վիրավորել, իզգոյացնել, որովհետև այդ մարդիկ վախից ավելի կոնսոլիդացվեցին Նիկոլի շուրջ»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը հայտարարեց, որ լսել է տոտալ ընտրակեղծիքների մասին, բայց որևէ առարկայական փաստ չի տեսել և սպասում է«Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքի ՍԴ դիմելուն, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ ծավալի խախտումներ և ընտրակեղծիքներ են եղել:

Պատգամավորը նաև հայտնեց, որ ակնկալիքներ չունի ՍԴ-ից, բայց պետք է պայքարել պետականության համար և ինքը լինելու եմ պայքարի առաջնագծում:

«Այսուհետ ես ժողովրդին չեմ մեղադրելու, որովհետև երբ մենք ունենք այնպիսի քաղաքացի, որն ասում է՝ հա, թող թուրքը գա, ինձ սպանի, մենակ, թե Նիկոլը մնա, կարծում եմ, որ այստեղ մենք մեղավորությունն ունենք, մենք այս հասարակությանը ոչ թե պետք է ասենք՝ անկիրթ, փնթի, բոմժ, թուրք, այլ պետք է կրթենք, մենք չենք կարող մեր ժողովրդին տանել ու հանձնել թշնամուն»,-ասաց Զոհրաբյանը:

Նրա խոսքով, այսօր Հայաստանի հասարակության գերակշիռ մասը չի ընկալում անվտանգության խնդիրը, բայց դրանում ինքը մեղավոր չէ, քանի որ 30 տարի ժողովրդին սնել են բրազիլական և հետո նաև հայկական սերիալները՝ նրա միջից հանել են քաղաքացուն և թողնելով միայն միջին վիճակագրական սպառողին:

Ներողություն խնդրելով հասարակության այն զանգվածից, որին վիրավորել է՝ պատգամավորը շեշտեց, որ միևնույն է, չի հասկանում նրանց դիրքորոշումը, բայց այլևս չի վիրավորելու, պատրաստ է բոլորի հետ համբերատար աշխատել և հավելեց. «Ես ուզում եմ հասկանալ այդ մարդկանց մոտիվացիան, թե ինչի են ասում՝ Սյունիքն էլ տանք, միայն թե Նիկոլը մնա»:

«Նիկոլին պետք է դեմ առ դեմ թողնել իր ընտրողների հետ, քանի որ ինչքան ընդդիմությունը խոսում է, այնքան նրանք շահարկում են նախկինների թեզը, և հասարակությունը թուլանում է»,- ասաց անկախ պատգամավորը և հավելեց, որ պատրաստ է մարզից մարզ գնալ և հանդիպել այն մարդկանց հետ, որոնք իրեն են վիրավորել:

Անդրադանալով ընտրությունների արդյուքներին՝ Զոհրաբյանը նշեց՝ այսքան տարի բոլորն աշխատել են Ռոբերտ Քոչարյանի հակաքարոզչությամբ, բայց նա կարողացավ իր դիրքերն ամրացնել, որը, ըստ նրա, ինչ-որ չափով հաղթանակ է: