Բոստանը մշակել եմ, հիմա ամեն ինչ չորացել է, թափել եմ. Բենիամին համայնքի բնակիչները բողոքում են ոռոգման ջրի խնդրից

Շիրակի մարզի Բենիամին համայնքում բողոքի ակցիա են իրականացնում։ Բնակիչները ոռոգման ջրի խնդրից են բողոքում, որտեղից ուղիղ միացում է ապահովել 168.am-ը։

«Ջուր էլ չկա, որ մեր շորերը լվանանք։ Ինչ գարունը բացվել է, խոտը ցանել եմ, չեմ ջրել ընդհանրապես։ Խմելու ջուր երբ ունենք, որ կանգնեմ ոռոգելու մասին մտածեմ։ Մենք չգիտենք լողանալն ինչ բան է։ 65 տարեկան եմ բոստանը մշակել եմ, հիմա ամեն ինչ թափում եմ։ Այստեղից ինչ բերք հանեմ։ Մեռնեմ Փաշինյանին, ընտրեցի, լավ էլ ուրախ ընտրել եմ, որ գոնե մի քիչ ընդառաջի կարողանանք մենք էլ ապրենք»,-ասաց Բենիամին գյուղի բնակչուհին։

Բնակիչները նշում են, որ ո՛չ խմելու, ո՛չ էլ ոռոգման ջուր չկա իրենց բնակավայրում։

«Կարտոֆիլ չկա, ցորենն ու գարին կպել են գետնին։ Երկու բոստան ունեմ, երկուսն էլ չորացել, թափել է»,-նշեց բնակիչը։

Բենիամին գյուղի բնակիչները նշում են, որ նախկինում նման բան չի եղել։ Հնարավոր է ուշացումով են ջրել, բայց նման խնդիր չի եղել։