Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննում է Շուշիի մոտակայքում տեղի ունեցած փոխհրաձգության մանրամասները

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննում է օգոստոսի 9-ին Շուշիի մոտակայքում ՊԲ ստորաբաժանումների և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի ունեցած փոխհրաձգության մանրամասները:

«Օգոստոսի 9-ին, ժամը 17:45-ի սահմաններում Շուշի բնակավայրի մոտակայքում Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների և Ադրբեջանի զինված ուժերի միջև հրաձգային զինատեսակներից փոխհրաձգություն է տեղի ունեցել:

Ռուս խաղաղապահների ջանքերով կրակոցները դադարեցվել են, տուժածներ չկան: Փաստի առթիվ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ հետաքննություն է իրականացնում», — հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: