Գիտնականները պարզել են՝ nր հաuանելի ու տարածված մթերքն է oգնում կարգավորել զարկերակային ճնշումը

Օբերնի համալսարանի (ԱՄՆ) և Վիլա Վելիայի համալսարանական կենտրոնի (Բրազիլիա) գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են, որ զարկերակային բարձր ճնշումը կարգավորելու ամենապարզ ու հասանելի միջոցներից մեկը կեֆիրն է։ Ինչպես գրում է medikforum.ru կայքը, գիտնականները հետազոտությունների ժամանակ գիտափորձերն անցկացրել են զարկերակային բարձր ճնշում ունեցող առնետների վրա և նկատել, որ կեֆիրն իսկապես օգնում է բարելավել անոթային համակարգի վիճակն ու նվազեցնել զարկերակային ճնշման ցուցանիշները։

Կրծողներին մասնագետները բաժանել են երեք խմբի։ Առաջին ու երկրորդ խմբերում եղել են զարկերակային գերճնշում ունեցող առնետները, որոնցից միայն մի խմբի կենդանիներն են կեֆիր ստացել, մինչդեռ երրորդ խմբում եղել են առողջ մկները, որոնք չեն ստացել կեֆիր։

9 շաբաթ անց գիտնականները նկատել են, որ կեֆիր ստացած կենդանիների զարկերակային ճնշման ցուցանիշները նվազել են, իսկ աղիների պատնեշային գործառույթը՝ վերականգնվել։

Կենդանիների օրգանիզմում կարգավորվել է չորս տարբեր բակտերիաների բալանսը, ինչի շնորհիվ ակտիվացել է նյարդային համակարգի ճիշտ աշխատանքի համար կենսական նշանակություն ունեցող ֆերմենտի արտադրությունը։ Ընդ որում՝ այս գործընթացներն ուղեկցվում էին զարկերակային ճնշման ցուցանիշների բարելավմամբ։

Գիտնականներն ընդգծում են, որ աղիներն ու գլխուղեղն օրգանիզմի կարևորագույն համակարգերից են, որոնց միջև կա կապ։ Եթե այդ համակարգերը ճիշտ են աշխատում, ապա օրգանիզմում ընթացող գործընթացները ներդաշնակ են լինում, իսկ զարկերակային ճնշումը պահպանվում է նորմայի սահմաններում։ Գիտնականների խոսքով՝ կեֆիրն ապահովում է այդ կապի նորմալ ռեժիմը, ինչը պայմանավորված է լինում նրանով, որ այն կարգավորում է խոլեստերինի մակարդակը, բարելավում է արյան մեջ շաքարի մակարդակը վերահսկողության տակ պահող ֆիզիոլոգիական մեխանիզմները, իսկ դրանում պարունակվող պրոբիոտիկները դրական ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա։