ՀՀ-ն պետք է վարի ակտիվ և նախաձեռնողական արտաքին քաղաքակшնություն՝ աշխատելով բոլոր պետությունների հետ ունենալ աշխատանքային արդյունավետ հարաբերություններ. Վարչապետ

Հայաստանի Հանրապետությանը սպառնացող բազմաթիվ արտաքին և ներքին մարտահրավերներ մնում են չհաղթահարված, ներկայացնելով կառավարության 2021-2026թթ ծրագիրը՝ գործադիր մարմնի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ 2020 թվականի 44-օրյա պшտերшզմի ծանր հետևանքներն էականորեն փոխել են Հայաստանի արտաքին միջավայրը՝ ոչ միայն սրելով նախկինում գոյություն ունեցած մի շարք մարտահրավերներ, այլև առաջ բերելով նորերը: Հայաստանի արտաքին անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությունը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի լուծումը, Հայաստանի շուրջ տարածաշրջանային և միջազգային բարենպաստ մթնոլորտ ստեղծելը շարունակում են մնալ առաջնային:

«Այս խնդրի լուծման համար ժողովրդի վստահության քվեն ստացած Կառավարությունը մտադիր է լրջագույն միջոցներ ձեռնարկել հանրային և ազգային լավագույն ներուժը համախմբելու ուղղությամբ: Օրենքի և իրավունքի, փոխադարձ հարգանքի, ատելության ու արժանապատվությունը նվաստացնող խոսքի բացառման վրա հիմնված ազգային միասնության հաստատումը Կառավարության առաջնահերթ խնդիրներից է:

Միաժամանակ ժողովրդավարության թյուրընկալումը՝ որպես պարարտ հող ամենաթողության և անպատժելիության համար, լրջագույն սպառնալիքներ է ստեղծում իրավակարգի, հանրային անվտանգության, օրենքի և իրավունքի գերակայության համար: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, նրա ձևավորած Կառավարությունը Հայաստանում օրենքի և իրավունքի դիկտատուրա հաստատելու մանդատ է ստացել ժողովրդից և անշեղորեն կյանքի է կոչելու այդ մանդատը:

Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը, այնուամենայնիվ, արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ Կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է: Կառավարությունը գիտակցում է, որ այս խնդրի լուծումը միայն Հայաստանի Հանրապետությունից չի կախված, այլև տարածաշրջանի մյուս երկրների կեցվածքից և ցանկությունից: Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստանձնում է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու իր բաժին անելիքն ու պատասխանատվությունը», — հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ ՀՀ-ն պետք է վարի ակտիվ և նախաձեռնողական արտաքին քաղաքականություն՝ աշխատելով բոլոր պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ ունենալ աշխատանքային արդյունավետ հարաբերություններ։