Գլխավոր Նորություններ Հայտնի է, թե երբ կլինի Մանվել Գրիգորյանի գործով առաջին դատական նիստը

Հայտնի է, թե երբ կլինի Մանվել Գրիգորյանի գործով առաջին դատական նիստը

106

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործով առաջին նիստը տեղի կունենա մայիսի 2-ին։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Գործը մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու երեկվա նիստից հետո նրա փաստաբան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ըստ իրեն՝ Մնացական Մարտիրոսյանը լուրջ դատավոր է։

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին ՀՔԾ-ն Դատախազություն էր ուղարկել Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը։

Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտնել էր, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր, «ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում նախկինում բացահայտված հանցագործություններից բացի հայտնաբերվել են նաև Մանվել Գրիգորյանի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու, առանձնապես խոշոր չափերով հարկերի չվճարումը կազմակերպելու, պետական միջոցները վատնելու և առանձնապես խոշոր չափերով գույքի շորթումը կազմակերպելու դեպքեր:

Արդյունքում՝ Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվել էր: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Այսպիսով՝ Մ. Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել էր` այն մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար:

Նշենք նաեւ, Մ. Գրիգորյանի որդու` Արման Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: