Գլխավոր Նորություններ «Իմ քայլը» խմբակցությունը սկսում է գրոհը. կստեղծվեն քննիչ հանձնաժողովներ

«Իմ քայլը» խմբակցությունը սկսում է գրոհը. կստեղծվեն քննիչ հանձնաժողովներ

412

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության այսօր տեղի ունեցած նիստում որոշվել է ստեղծել քննիչ հանձնաժողովներ, ինչպես նաև քննարկվել են մի քանի օրենսդրական նախաձեռնություններ, նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ «Քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը տեսել ենք մի քանի գծերով, մասնավորապես, հանքարդյունաբերության, ջրօգտագործման և էլի մի քանի ոլորտների հետ կապված», – ասաց Մակունցը։ Լրագրողը հիշեցրեց, որ վերջին հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիտողություն էր արել՝ նշելով, որ խորհրդարանը լիարժեքորեն չի օգտագործում իր վերահսկողական գործառույթը։ Ի պատասխան՝ Մակունցն ասաց, որ իր ղեկավարած խմբակցությունը կառավարության հետ ինտենսիվ աշխատել է և չհամաձայնեց, որ խորհրդարանին գործադիրի ղեկավարի կողմից դիտողություն է արվել։ Ասաց, որ իրենք մինչև վարչապետի այդ հայտարարությունը ծրագրում էին հանդես գալ նման նախաձեռնություններով։ «Իրականում ես համաձայն եմ, որ այն ներուժը և այն գործիքները, որ ունի Ազգային ժողովը, պետք է սկսենք ամբողջ ծավալով կիրառել։ Վերահսկողական գործիքները մեզ հնարավորություն են տալիս հաջողություններ գրանցել», – ասաց Լիլիթ Մակունցը։ Հիշեցնենք՝ կառավարության ղեկավարը խորհրդարանում ծրագրի քննարկման ժամանակ Ջրօգտագործողների միությունների վերաբերյալ աղմկահարույց հայտարարություններ էր արել։ Նաև ասել էր, որ առաջիկայում բոլոր Ջրօգտագործողների միություններում ստուգումներ են կատարվելու: «Մենք բոլոր տեղերում ստուգումներ ենք անելու, պարզենք՝ ովքեր են գողացել, հետո չասեք՝ բոլոր ջրօգտագործողների միություններին լցնում եք բանտերը: Էս ի՞նչ սովորություն է՝ նստեն իրենց տեղը, թալանեն, ուտեն, վերջում գան, ասեն՝ աշխատավարձ չենք ստացել, կառավարություն, դե՛ վճարի: Ամենաշատ թալանված ոլորտն է, հեսա հերթով հետևներից գնալու ենք», – նշել էր Փաշինյանը: