Գլխավոր Նորություններ Դեղին մամուլը բարձրացրեք, ոչ թե իջեք նրա մակարդակին. Հայկ Մարությանը՝ իր հրաժարականի...

Դեղին մամուլը բարձրացրեք, ոչ թե իջեք նրա մակարդակին. Հայկ Մարությանը՝ իր հրաժարականի լուրերի մասին

63

«Սանիթեքը» փորձում է իր խնդիրները բարդել մեզ վրա». Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց մասնավոր ընկերության աշխատակիցներին չվճարվող աշխատավարձի խնդրին:

Նրանք բողոքի ցույց են անցկացնում քաղաքապետարանի մուտքի մոտ՝ հայտարարելով, որ «Սանիթեքը» չի վճարել օգոստոսին կատարած աշխատանքի դիմաց, քանի որ քաղաքապետարանն էլ «Սանիթեքի» գումարը չի փոխանցել: Հայկ Մարությանն ասաց, որ աղբահանության մասնավոր օպերատորին քաղաքապետարանը տուգանել է նախատեսվող գումարի միայն 9 տոկոսի չափով: Այսինքն՝ մնացած 91 տոկոսը «Սանիթեքը» ստացել է: «Միայնակ չենք թողնի աշխատակիցներին, իրավական օգնություն կցուցաբերենք, ինչով կարող ենք կօգնենք»,- հավելեց Մարությանը:

Անդրադառնալով իր հրաժարականի մասին մամուլում տեղ գտած հրապարակումներին՝ քաղաքապետն առաջարկեց բարձրացնել դեղին մամուլի մակարդակը, ոչ թե ընդհակառակը, իջնել նրա մակարդակին: «Ինչի՞ մասին է խոսքը: Մենք նոր ենք սկսել: Մանկապարտեզներից օտարված 6 500 քմ տարածք ետ ենք բերել համայնքին, 2 միլիարդ դրամով մեծացրել ենք բյուջեն՝ հավաքագրումը, ետ ենք բերում այգիները, վերանայում ենք բոլոր անօրինական տենդերներն ու սեփականաշնորհումները, մեծ կառուցապատում ենք սկսում: Բացել ենք հիմնարկներ, որ երբեւիցե գոյություն չի ունեցել, տեխնիկայի մեծ պաշար ենք ձեռք բերել եւ այլն: Մենք մեծ ծրագրեր ունենք»,- մանրամասնեց քաղաքապետը:

Լրագրողներն ընդգծեցին աղբահանության խնդիրը: «Աղբահանության խնդիրը արդեն լուծված է: Ես չեմ ասում՝ արդեն աղբը հավաքված է, որովհետեւ հիմա կան քաղաքում «Սանիթեքի» կողմից չհավաքված աղբակույտեր: Մենք դա հավաքում ենք»,- պատասխանեց Հայկ Մարությանը՝ հիշեցնելով, որ կարճ ժամանակում ստեղծվել է աղբահանության եւ սանմաքրման համայնքային հիմնարկը, որն, ըստ նրա, շատ արագ տեմպերով կլրացնի բացը, եւ քաղաքը կվեդառնա կյանքի բնականոն հուն:

Մարությանը նաեւ համոզմունք հայտնեց, որ ստեղծում է այնպիսի մի համակարգ, որն անխափան կգործի երկար տարիներ՝ անկախ այն բանից, թե ով է քաղաքապետը: «Սա ամենաճիշտ տարբերակն էր, ես թույլ չեմ տա, որ այլեւս Երեւան քաղաքն առնչվի այնպիսի խնդրի»,- հայտարարեց նա: