Գլխավոր Նորություններ Ամուլսարի հարցում հետամուտ ենք լինելու ճշմարտությանը, իսկ ճշմարտությունը Հայաստանի պետական և ազգային...

Ամուլսարի հարցում հետամուտ ենք լինելու ճշմարտությանը, իսկ ճշմարտությունը Հայաստանի պետական և ազգային շահն է. Նիկոլ Փաշինյան

64

Ազգային ժողովի նիստում կառավարության հետ հարցուպատասխանը չանցավ առանց Ամուլսարի վերաբերյալ հարցի։ Հարցը բարձրացրեց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Ինչո՞ւ եք պատասխանատվություն ստանձնում նախորդ հանցավոր ռեժիմի կողմից տրված լիցենզիայի համար՝ առանց դրա օրինականությունը քննության առնելու։ Արդյոք չեք կարծում, որ այդպիսով դեմ եք գնում հեղափոխությամբ այդ նույն հանցավոր ռեժիմին սպասարկող տնտեսական կառուցակարգերը վերացնելու ձեր իսկ տված խոստմանը», – վարչապետին ուղղված հարցը ձևակերպեց Բաբաջանյանը։

Նիկոլ Փաշինյանը ի պատասխան նկատեց, որ Բաբաջանյանի հարցն ավելի շատ պնդման էր նման ու հավելեց. «Եթե թույլ կտաք նույն տրամաբանությամբ վերադարձնեմ մի հատված ձեր հարցից՝ ինչո՞ւ եք կիսում նախորդ հանցավոր ռեժիմի քաղաքական պատասխանատվությունը՝ համաձայնելով նրա ընդունած կասկածելի հանրաքվեով  սահմանադրությամբ և ընտրական օրենսգրքով ձևավորված Ազգային ժողովում լինել պատգամավոր»։

Այնուհետև անցնելով բուն թեմային, Փաշինյանն ասաց, որ իրականությունն այլ է և կրկնեց իր վերջին ուղիղ եթերում արտաբերած միտքը, թե վերջնական պատասխանը կարող է լինել Բնապահպանական տեսչության ստուգումների արդյունքների հիման վրա։