Գլխավոր Շոուբիզնես Սոսո Պավլիաշվիլիի հայերեն երգը, Լիլիթ Հովհաննիսյանի՝ չմասնակցելու պատճառն ու «Տարվա երգ» մրցանակաբաշխության...

Սոսո Պավլիաշվիլիի հայերեն երգը, Լիլիթ Հովհաննիսյանի՝ չմասնակցելու պատճառն ու «Տարվա երգ» մրցանակաբաշխության մյուս հետաքրքիր մանրամասները

155

Հոկտեմբերի վերջին հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները մի քանի օրով կհավաքվեն Սոչիում՝ միասին ժամանակ անցկացնելու և «Տարվա երգ» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար: Կազմակերպիչներն այս տարի նորություններով հագեցած շոու են խոստանում, իսկ առաջին մանրամասները վստահել են Tert.am Life-ին:

Մրցանակաբաշխության գլխավոր պրոդյուսեր Ամարաս Գասպարյանը հայտնեց, որ այս տարի ունենալու են հատուկ համարներ, որոնք պատրաստվելու են մրցանակաբաշխության համար:

«Սոսո Պավլիաշվիլին հանդես է գալու «Երևանի սիրուն աղջիկ» երգով, որը ներկայացնելու է իր ոճով, նոր գործիքվորմամբ: Հայկական շոուների ժամանակ ռուսական շոու բիզնեսի երգիչներով չենք զարմացնի, դրա համար որոշեցինք, որ մասնակցության դեպքում նրանք կերգեն հայերեն: Մեկ այլ նորությամբ սկիզբ դրեցինք նոր նախագծի: Միխայիլ Գալուստյանն իր կերպարներից մեկով հումորային երգ կներկայացնի, որի պրեմիերան կլինի մեր մրցանակաբաշխության ժամանակ: Գաղափարն այնքան դուր եկավ նրան, որ դա դարձավ առանձին նախագիծ: Միխայիլ Գալուստյանի կերպարներից մեկն այսուհետև կդառնա երգիչ, կներկայացնի տարբեր երգեր»,- ասաց պրոդյուսերը:

Մրցանակաբաշխության ժամանակ հատուկ անդրադարձ կարվի Ձախ Հարութին՝ Հարութ Փամբուկչյանին․ «Որոշել ենք ամեն տարի անդրադառնալ հայ երգի լեգենդներից մեկին: Հարութ Փամբուկչյանի հետ այժմ ձևաչափի քննարկման փուլում ենք, ամենայն հավանականությամբ, իր հայտնի երգերի պոպուրի կլինի՝ հետաքրքիր վիդեոշարքի ուղեկցությամբ»:

Մասնակիցների թվում են Արամ MP3-ն, Էրիկը, Արմենչիկը, Արամեն, Սարոն, Նունե Եսայանը, Արաբո Իսպիրյանը և այլք: Ըստ պրոդյուսերը՝ մրցանակի համար ընտրվել են այն երգերը, որոնք հանրահայտ են դարձել տարվա ընթացքում և եղել են լսարանի ուշադրության կենտրոնում:

«Մեզ մոտ ողջունելի են բոլոր ոճերը: Ցավոք, «էստրադային-ռաբիս» ոճի երգերը գերակշռում են մեր շուկայում, հետևաբար հիթերի մեջ էլ ավելի շատ են: Այդ իսկ պատճառով ժողովրդական, ազգագրական, ռոք և մեր երկրում ոչ շատ հանրահայտ մյուս ոճերին ավելի մեղմ մոտեցում ենք ցուցաբերել: Օրինակ, եթե փոփ, էստրադային ոճերում հաշվի ենք առնում, որ երգը միլիոնավոր դիտումներ ունենա հիթ համարվելու համար, ժողովրդական ոճում բավարարվել ենք կես միլիոնով՝ հաշվի առնելով, որ այդ ոճում դա մեծ դիտելիություն է համարվում: Հաշվի ենք առնում նաև լայքերն ու դիսլայքերը, որպեսզի մրցանակակիր չլինի հանրահայտ, բայց չսիրված երգ»,- ասաց նա:

Լիլիթ Հովհանիսյանն այս տարի չի մասնակցելու մրցանակաբաշխությանը: Ամարասը հայտնեց, որ երգչուհու հետ որևէ խնդիր չկա, պարզապես, նա այս տարի երգեր, գրեթե, չի թողարկել․ «Այս տարի Լիլիթը զբաղված էր իր համաշխարհային շրջագայությամբ և նոր երգեր չի թողարկել: Իր հետ քննարկումներից հետո ևս հասկացանք, որ նոր երգեր չկան: Իհարկե, Լիլիթն արժանի է մրցանակի, շատ սիրված երգչուհի է, 2 տարի մեզ մոտ մրցանակ է ստացել, սակայն մեր ձևաչափը հստակ է»:

Մրցանակաբաշխությունը չունի մրցակցային գործոն: Յուրաքանչյուր մասնակից ստանալու է «Տարվա երգ» մրցանակը: Պրոդյուսերն այս հանգամանքի համար ունի իր բացատրությունը․ «Քանի որ մեր շուկան շատ փոքր է, վաղուց ասում էի, որ անհնար է երկար տարիներ մրցանակաբաշխություն անել և որոշել, օրինակ, «Լավագույն երգիչ»: Նախ՝ մեզ մոտ վիրավորվում են, հաջորդ տարի չեն ուզում մասնակցել: Երգիչը մտածում է, որ իրեն վնաս է ինչ-որ մեկին պարտվելը: Երկրորդ՝ երգիչները շատ տարբեր են: Օրինակ՝ Արմենչիկին և Արամ MP3-ին չես կարող մի անվանակարգում դիտարկել, մեկին մրցանակ տալ, մյուսին՝ ոչ: «Տարվա երգը» հայտնի ձևաչափ,  որը կա դեռ ԽՍՀՄ տարիներից»:

Ամենաքննարկվող՝ ինչո՞ւ են հայկական մրցանակաբաշխություններն անցկացվում արտերկրում հարցը պրոդյուսերը պարզաբանեց իր տեսանկյունից: «Ամբողջ աշխարհում ընդունված է ծովափնյա վայրում իրականացնել նման մրցանակաբաշխություններ, որտեղ մի քանի օրով կհավաքվեն շոու բիզնեսի ներկայացուցիչները, նոր ծանոթություններ կհաստատվեն, նոր զուգերգեր կծնվեն: Մրցանակաբաշխությանը գալիս են ոլորտի շատ ներկայացուցիչներ, որոնք բեմում չեն լինելու, բայց իրենց հաշվին գալիս են, որպեսզի մասնակցեն: Հարավային Ռուսաստանից էլ մեծ թվով հանդիսատես ենք ունենում: Սա հայկական տոն է Սոչիում: Կարծում եմ՝ արդարացված է Սոչիում անցկացնելը, թեև հնարավոր է մի տարի Երևանում անցկացնենք, մեկ այլ տարի՝ Լոս Անջելեսում կամ այլ հայաշատ վայրում»,- ասաց պրոդյուսերն ու հավելեց, որ տոնն ամբողջացնելու համար այժմ բանակցություններ են վարում Սոչիի քաղաքապետարանի հետ մեծ հրավառություն անելու համար:

Նա շեշտեց, որ այս տարի նաև տեխնիկապես ավելի հագեցած մրցանակաբաշխություն են իրականացնելու, նկարահանման մոտեցումը ևս այլ կլինի․ «Մենք իրականացնում ենք Ռուսաստանի լավագույն դահլիճներից մեկում, որը կիսով չափ բացօթյա է և հենց ծովափին: Նախորդ տարիներին հեռուստատեսային տարբերակում դա չի երևացել, այս տարի նախատեսում ենք այնպիսի նկարահանումներ իրականացնել, որ դա ևս երևա և մթնոլորտը փոխանցվի հեռուստադիտողներին»: