Գլխավոր Տեսանյութեր Դուրդ չեկա՞վ․․․ տո հա՛, չեկավ․ թեժ վիճաբանություն ԱԺ-ում

Դուրդ չեկա՞վ․․․ տո հա՛, չեկավ․ թեժ վիճաբանություն ԱԺ-ում

853

Նախագիծն անթույլատրելի է։ Իմ կարծիքով՝ այն առողջացում չի բերում, մի նոր հիվանդության տեսակ է բերում, սա բարոյականությունից զուրկ նախագիծ է, չկա ոչ մի բարոյականություն էս նախագծի մեջ։ Այսօր Ազգային ժողովում ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյանն այսկերպ արտահայտվեց պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի համահեղինակած նախագծի վերաբերյալ, որով առաջարկվում է քաղաքացիներին հնարավորություն տալ տեսանկարահանել ճանապարհային երթևեկության խախտումները և օնլայն ռեժիմով՝ հավելվածի միջոցով փոխանցել ոստիկանությանը:

«Այս նախագիծը նոր հիվանդություն է բերում, տեսակը ժամանակը ցույց կտա, բայց բոլորիդ ներքին հոգեկան աշխարհում պարզ է՝ դա ինչ է կոչվում։ Այս նախագծով լուրջ անվտանգության խնդիր չի խոսում։ Մենք ասում ենք՝ քաղաքացի վերցրու հեռախոսը, մի հատ նոր զբաղմունքով զբաղվի։ դա օգուտ ո՞ւմ է բերում։ Դուք էսօր քաղաքացիների մեջ սերմանում եք թշնամություն, էսի մեկից մեկ դրել եք նախագծի մեջ։ Սա բարոյականությունից զուրկ նախագիծ է, չկա ոչ մի բարոյականություն էս նախագծի մեջ»,- մասնավորապես ասաց Դալլաքյանը։

Նրա ելույթից հետո նիստերի դահլիճում մթնոլորտը լարվեց, պատգամավորները տեղից ինչ-որ ռեպլիկներ արեցին, որոնք, սակայն, հասկանալի չեղան։ Արարատ Միրզոյանը փորձեց հանդարտեցնել մթնոլորտը, խնդրեց հանգստություն պահպանել, բայց պատգամավորներն արդեն իրենց աթոռներից բարձրացել, մոտեցել էին Դալլաքյանին։ Այդ ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Դալլաքյանին դահլիճից դուրս տարավ, որպեսզի պատգամավորներն էլ ավելի չտաքանան։

Դալլաքյանի հետեւից դուրս եկան «Իմ քայլի» այլ պատգամավորներ՝ Արման Բոշյանը, Հակոբ Սիմիդյանը, Սիփան Փաշինյանը եւ այլք, նրանց հետ նաեւ ԲՀԿ-ական պատգամավորները, այդ թվում՝ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։ Նրանք գնացին ԲՀԿ-ական պատգամավորներից մեկի աշխատասենյակ՝ հարցն այնտեղ պարզելու։ Փակ դռների հետեւից լսելի չեղավ՝ ինչ խոսեցին օրենսդիրի ներկայացուցիչները, սակայն մոտ 5 րոպե անց բոլորը հանդարտված դուրս եկան սենյակից։