Գլխավոր Նորություններ Քանդված շինության սեփականատերը դատարանում հաղթել է. քաղաքապետարանը պետք է հատուցի վնասը

Քանդված շինության սեփականատերը դատարանում հաղթել է. քաղաքապետարանը պետք է հատուցի վնասը

115

Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի N 1/3 հասցեում գտնվող «Անի-97» ընկերության սեփականատիրոջ դատական հայցն ընդդեմ քաղաքապետարանի բավարարվել է։ Դատարանը որոշել է, որ շինությունը քանդելու քաղաքապետարանի հանձնարարականն անօրինական է: Հետևաբար, վերջինս պարտավորվում է հատուցել քաղաքացուն հասցված վնասը և վերակառուցել քանդված շենքը, իսկ թե ինչ միջոցներով ԼՈՒՐԵՐ.com-ը փորձեց պարզել Երևանի քաղաքապետարանից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին:

Հիշեցնենք՝ 2018-ի նոյեմբերին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնում Հայկ Մարությանի ընտրվելուց ընդամենը 2 ամիս անց՝ քաղաքապետարանը քանդեց Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի N 1/3 հասցեում գտնվող «Անի-97» ընկերության սեփականություն շինությունը: Պաշտոնապես հայտարարվեց, որ շինությունը ապօրինի է և կառուցվել է առանց շինթույլտվության: Այս դեպքից հետո ընդհանուր շինության ապամոնտաժումը հետաձգվել էր, քանի որ կառույցի սեփականատերը դատարանում վիճարկել էր քանդման մասին քաղաքապետ Հայկ Մարությանի՝ հոկտեմբերի 29-ին կայացրած որոշումը, իսկ շենքը քանդելու գործընթացը հետաձգվել էր մինչև դատարանը որոշում կկայացներ:

Նշենք, որ Հայկ Մարությանն, անդրադառնալով շինության քանդման աշխատանքներին, ասել էր, որ «շինարարություն իրականացնողները չունեին ոչ մի թույլտվություն». «Նոր Նորքում ապօրինի շինարարություն իրականացնողները չունեին ոչ մի թույլտվություն, ծանուցում էին ստացել այն մասին, որ իրենց գործունեությունն ապօրինի է, եղել է անգամ քանդման որոշում: Ու չնայած այս ամենին՝ շարունակել են շինարարությունը՝ ամեն օր խախտելով օրենքը, անտեսելով պետության եւ հանրության պահանջը: Նման դեպքեր այլևս չեն լինելու: Կառուցապատողին մի քանի անգամ զգուշացվել է, որ պետք է դադարեցնի շինարարությունը, «սակայն գրեթե ամենօրյա ռեժիմով շարունակել է ապօրինի շինարարությունը»,- նշել էր նա: