Գլխավոր Նորություններ «Հրայր Թովմասյանն իմ աչքի լույսը չի, բայց դա չի խանգարելու ասել ճշմարտությունը»:

«Հրայր Թովմասյանն իմ աչքի լույսը չի, բայց դա չի խանգարելու ասել ճշմարտությունը»:

52

«Հրայր Թովմասյանն իմ աչքի լույսը չի, բայց դա չի խանգարելու ասել ճշմարտությունը»,- Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է իրենց խմբակցությունը վերաբերում Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ  «Իմ քայլը»-ը նախաձեռնությանը և արդյոք կմիանա՞ն դրան։

Պատգամավորի խոսքով՝ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի համաձայն սպառիչ թվարկված են այն հիմքերը, որոնք բավարար են, որպեսզի ՍԴ-ն որոշում կայացնի իր անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։

«Հիմա ով որ հանդես է գալիս նման նախաձեռնությամբ, իրենք պարտավոր են ՀՀ գործող օրենսդրության համաձայն պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-րդով ներկայացնել այդ նախաձեռնությունը, թե ինչպիսի որոշում կկայացնի ՍԴ-ն, մենք իրավունք չունենք կանխակալ կարծիք հայտնել։ Ես ավելի շատ այսպիսի կարծիքները կարող եմ գնահատել որպես դատարանի նկատմամբ ճնշում։ Թողնեն թող դատարանը որոշի։

Եթե ՍԴ-ն կգտնի, որ Հրայր Թովմասյանը հարուցել է ՍԴ մասին օրենքի զայրույթը, թող որոշում կայացնի։ Մենք այն քաղաքական ուժը չենք, որ մեխանիկորեն միանանք ինչ-որ նախաձեռնության՝ առանց դրա  հիմքերն ուսումնասիրելու»,- ասաց Պետրոսյանը։

Նա նշեց, որ այս պահին իրենք այդպիսի հիմք չենք տեսնում և ՍԴ-ում չկա այնպիսի իրավիճակ, որ լինի անկառավարելի. «Մարմինը գործում է, այլ է խնդիրը, որ առանձին անձիք չեն ներկայանում նիստերին, որոշումների ընդունմանը չեն մասնակցում, բայց այլ կերպ են իրենց գոյության մասին հիշեցնել տալիս»։

Պատգամավոր Արման Աբովյանը հավելեց, որ իրավական դաշտում գոյություն ունեցող խնդիրները պետք է լուծվեն բացառապես իրավական դաշտում. «Այս հարցի շուրջ շատ էմոցիա է պտտվում, որը թույլ չի տալիս սթափ հայացք նետել այդ բոլոր պրոցեսներին»։