Գլխավոր Շոուբիզնես «Մեծ հույս ունենք, որ կարժանանանք մրցանակի»․ Հանրային հեռուստաընկերության «Քաոս» և «Ժիրայր Գլենց»...

«Մեծ հույս ունենք, որ կարժանանանք մրցանակի»․ Հանրային հեռուստաընկերության «Քաոս» և «Ժիրայր Գլենց» նախագծերը ներկայացված են «ՏԵՖԻ» փառատոնին

74

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության երկու նախագիծ՝ «Քաոս» բազմասերիանոց ֆիլմը և «Ժիրայր Գլենց» հեռուստասերիալը, այս տարի ներկայացված են «ՏԵՖԻ-Համագործակցություն» 9-րդ միջազգային հեռուստատեսային փառատոնին, որն այս օրերին անցկացվում է Քիշնևում:

Tert.am Life-ը զրուցել է «Քաոս»-ի պրոդյուսեր Արման Միտոյանի հետ, ով արդեն Քիշնևում է։ «Ինձ համար անսպասելի էր նախագծի նոմինացվելը, ինքս էլ չգիտեի, որ «ՏԵՖԻ»-ի շրջանակում ռուսական հեռուստատեսության արտադրանքից բացի կա անվանակարգ այլ երկրների հեռուստատեսային նախագծերի համար։ Շատ ուրախալի է, որ «Քաոս»-ն ընդգրկվել է կարճ ցանկում։ Ողջունելի է, որ սերիալների համար ևս մրցակցային դաշտ է ստեղծվում»,- նշեց պրոդյուսերը։  

Ինչ վերաբերում է հայկական նախագծերի հնարավորություններին՝ Արմանն ասաց․ «Հայկական նախագծերի շանսերն իսկապես բավականին բարձր եմ գնահատում: Նայելով մնացած գործերը՝ կարծում եմ հայկականան նախագծերը ոչ միայն չեն զիջում, այլև լավագույններից են»։

Արմանը նշեցմ որ այս օրերին հասցրել է ծանոթանալ նույն անվանակարգում ներկայացված այլ երկրների հեռուստասերիալներին ևս։ «Կարող եմ ասել, որ լավ աշխատանքներ կան։ Կառանձնացնեմ ղազախական նախագծերը, որոնք  բավականին հետաքրքիր են։ Մենք մեծ հույս ունենք, որ կարժանանանք մրցանակի։ Թե ինչ է լինելու, արդեն պարզ կլինի վաղը, բուն մրցանակաբաշխությունը վաղն է»,- ասաց պրոդյուսերը։

Փառատոնի մրցանակակիրներին որոշում է փորձագիտական խորհուրդը, որի կազմում ներառված են հեռուստապրոդյուսերներ, կինոգետներ և հաղորդավարներ:

Նշենք, որ «ՏԵՖԻ-Համագործակցություն» մրցույթն այս տարի Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում է: Փառատոնին մասնակցում են Բելառուսի, Ղազախստանի, Լատվիայի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Էստոնիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները: