Գլխավոր Նորություններ Շուրջ 370 հազար աշակերտ կարող է անվճար այցելել համերգասրահներ և թատրոններ. Արայիկ...

Շուրջ 370 հազար աշակերտ կարող է անվճար այցելել համերգասրահներ և թատրոններ. Արայիկ Հարությունյան

160

Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց, որ անցած շաբաթ մեկնարկել է նախագիծ, որը ենթադրում է շուրջ 370 հազար աշակերտների այցելություններ համերգասրահներ և թատրոններ, իսկ մինչ այդ մեկնարկել էր այցը՝ դեպի պատկերասրահներ:

«Սա էլեկտրոնային հարթակ է, ուսումնասիրել ենք միջազգային փորձը և ինչ-որ առումով սա աննախադեպ է՝  ամբողջ համակարգի ներգրավվածությամբ»,-ասաց նախարարը և կոչ արեց ծնողներին, ուսուցիչներին խրախուսել աշակերտներին գրանցվել և այցելել մշակութային հաստատություններ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, թե այս տարի ՀՀ կրթական դպրոցներում սովորող բոլոր աշակերտներին հնարավորություն են տալիս, որ պետական բյուջեի հաշվին տարին մեկ անգամ այցելեն թանգարան, համերգասրահ և թատրոն: Նա նաև կարևորեց, որ ուսուցիչները ևս ներառված են ծրագրում:

«Մենք մշակույթը և կրթությունը տեսնում ենք նույն տրամաբանության մեջ և մշակույթին վերապահում ենք կրթական դերակատարում: Կրթությունը մշակութային երևույթ է և  սրանով են պայմանավորված կառուցվածքային փոփոխությունները»,-ասաց նա:

Նախարարը տեղեկացրեց, որ ծրագիրը պիլոտային կլինի, և կուսումնասիրեն ընթացքը: