Գլխավոր Նորություններ «Ժամանակ». Փաշինյանը փչացնում է հայ-ամերիկյան փոխհարաբերությունները

«Ժամանակ». Փաշինյանը փչացնում է հայ-ամերիկյան փոխհարաբերությունները

114

«1991-ից ի վեր Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ գրեթե անփոփոխ դրսևորումներով տիրապետող է եղել հետևյալ սկզբունքը. «Հայաստանը մի կողմից Ռուսաստանի դաշնակիցն է, իսկ մյուս կողմից՝ բարեկամը նրա հակառակորդների»: Սա չափազանց բարդ ու բազմավեկտոր փոխհարաբերությունների համակարգ է, որի ներգործության հաշվին Հայաստանը մանևրելու և հավասարակշռված քաղաքականության հնարավորություն է ստացել: Բոլոր այն իրավիճակներում, երբ հավասարակշռությունը խաթարվել է, Երևանի համար լուրջ խնդիրներ են ստեղծվել: Խոսքը պարզ առօրեական ու հեշտ լուծելի խնդիրների մասին չէ: Խաղասեղանին դրված է պետության անվտանգության ու ինքնիշխանության հարցը, և այս իմաստով, տարածաշրջանային նույնիսկ ամենափոքրիկ տատանումը լուրջ վտանգ է Հայաստանի Հանրապետության համար:

Իհարկե, վտանգավորության տեսանկյունից Հարավային Կովկասն ու Մերձավոր Արևելքը անհամեմատելի են: Երկրորդն ամենօրյա հրդեհի մեջ է, որի մարման և մեկուսացման հեռանկարները անորոշ են ու մշուշոտ: Իսկ մեր տարածաշրջանը հայտնվել է հարաբերական խաղաղության տիրույթում, որն անընդհատ ծխում է, և ընդամենը մեկ կայծ է պակասում մեծ հրդեհի բռնկման համար: Տարածարջանային փոխհարաբերությունների բարդությունը նկարագրելու համար փորձենք աստիճանակարգել դրանք:

Պայմանականորեն ասած՝ Հարավային Կովկասը եռաստիճան փոխհարաբերությունների կծիկ է. առաջին աստիճանում են Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, երկրորդում՝ Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը և ամենամեծ երրորդ աստիճանում են՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, ԵՄ-ն, Չինաստանն ու Իսրայելը: Ահա այսպիսի չափազանց մեծ ու բազմավեկտոր աշխարհաքաղաքական ներկայացվածության պայմաններում է սաղմնավորվում ու ձևավորվում տարածաշրջանային պայթունավտանգ ու չափազանց փխրուն հավասարակշռությունը:

Հայաստանն այս մեծ համակարգի անբաժանելի մասնիկն է կամ էլ տարածաշրջանային անվտանգության համակարգի ամենակարևոր բաղադրիչներից մեկը: Որքան էլ աբսուրդային հնչի, բայց նույնիսկ, եթե Հայաստանը կամովին ինքնաոչնչացման փորձ անի, ապա մեծ տերությունները անմիջապես կկանխեն այդ փորձը և ոչ հայասիրության պատճառով, այլ պարզապես Հայաստանի փլուզումը կարող է հանգեցնել ողջ տարածաշրջանի անվտանգության համակարգի փլուզմանը։ Իհարկե, այս զավեշտալի օրինակով փորձում ենք շեշտադրել Հայաստանի չափազանց կարևոր դերակատարությունը: Ճշմարտություն, որը դեռևս ըստ պատշաճի չի ընկալվել մեր երկրում, հայաստանցիները չեն էլ պատկերացնում իրենց պետության կարևորության աստիճանը:

Վերադառնալով բուն խնդրին՝ նշենք, որ Հայաստանի վերևում մատնանշված տարածաշրջանային դերակատարությունը կարող է կենսունակ լինել միայն այն դեպքում, երբ Երևանը շարունակի իր հավասարակշռված ու փոխլրացնող արտաքին քաղաքականությունը, որը բնորոշվում է հետևյալ ձևակերպմամբ. «Հայաստանը մի կողմից Ռուսաստանի դաշնակիցն է, իսկ մյուս կողմից՝ բարեկամը նրա հակառակորդների»:

Բայց արդյոք Երևանը շարունակո՞ւմ է հավասարակշռված ու փոխլրացնող արտաքին քաղաքականություն իրականացնել: Այս իմաստով, կարծես թե, իրավիճակ է փոխվել, և Հայաստանը հետևողականորեն շարունակում է փչացնել փոխհարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Պնդումն այս հիմնավորվում է վարչապետ Փաշինյանի անհասկանալի վարքագծով: Վերջինս  Независимая газета»-ին տված հարցազրույցում այսպիսի մի միտք է արտահայտել. «Հայաստանի որևէ կառավարություն ԱՄՆ-ին չի քննադատել այնպես, ինչպես ես: Մեզ համար կարևորը մեր անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելն է…»:

Ի դեպ սա առաջին դեպքը չէ: Կարծես թե, վարչապետն արդեն սովորություն է դարձրել և պարբերաբար այս կամ այն ամբիոնից հարձակումներ է գործում ԱՄՆ-ի և ԵՄ-ի վրա: Իհարկե դժվար է հասկանալ, թե ո՞րն է ի վերջո Փաշինյանի համանման դիրքավորման տրամաբանությունը, ինչո՞ւ է նա փչացնում Վաշինգտոնի հետ փոխհարաբերությունները: Ի դեպ, ԱՄՆ-ին ուղղված քննադատությունները գրեթե միշտ  զուգորդվում են Ռուսաստանի նկատմամբ սիրո անզուսպ խոստովանություններով:

Հենց վերջին հարցազրույցի մեջ Փաշինյանը առնվազն հինգ անգամ շեշտադրել է Հայաստան-Ռուսաստան դաշնակցային փոխհարաբերությունների բացառիկությունը:

Կարելի է ենթադրել, որ Հայաստանի վարչապետը դեռևս վտանգ է զգում Կրեմլից ու ամեն ինչ անում է իր հավատարմությունն ու կանխատեսելիությունը ապացուցելու համար: Ինչպես երևում է՝ ՌԴ նախագահ Վ. Պուտինի համակրանքին արժանանալու համար նա նույնիսկ պատրաստ է վտանգել  հայ-ամերիկյան փոխհարաբերությունները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: