Գլխավոր Շոուբիզնես «Ինչ տեսարան ուզում է լինի, տեսախցիկի առաջ չեմ համբուրվի»․ Անատի Սաքանյանը` եթերային...

«Ինչ տեսարան ուզում է լինի, տեսախցիկի առաջ չեմ համբուրվի»․ Անատի Սաքանյանը` եթերային դադարի, նոր նախագծի ու իր սկզբունքների մասին

253

Դերասանուհի Անատի Սաքանյանը «Ժամանակն է» գեղարվեստական ֆիլմում նկարահանվելուց հետո եթերային փոքրիկ դադար վերցրեց, ապա էկրանին հայտվեց հումորային ձևաչափով` «ԿօօԿօօՌօօզ» նախագծում։ Tert.am Life-ը Անատիի հետ զրուցել է դադարի ընթացքում զբաղվածության, կրկին եթեր վերադառնալու և բաց տեսարաններում հանդես գալու մասին։  

Չնայած հեռուստադիտողները դերասանուհուն տեսել են հումորային ձևաչափում, Անատին այն իրեն հոգեհարազատ չի համարում։ Ասում է`հնարավորության դեպքում սիրով կմարմնավորեր այնպիսի կերպարներ, որոնք իր առօրյայի հետ որևէ ընդհանրություն չունեն։

«Իրականում ինձ դուր է գալիս նկարահանման ընթացքը, դրա համար ժանրային բաժանում դնել չեմ սիրում։ Կարևորը լավ միջավայրն է, հետաքրքրությունը, թե ինչ ժանր կլինի, առանձնապես կարևոր չէ։ Ես շատ կերպարներով հանդես չեմ եկել, որպեսզի հեռուստադիտողները  ինձ տարբեր կողմերից տեսնելու հնարավորություն ունենային։ Շատ հետաքրքիր էր, երբ գեղարվեստական ֆիլմում մարմնավորեցի ավելի  ռոմանտիկ աղջկա կերպար։ Հիմա արդեն ցանկանում եմ մարմնավորել, օրինակ, բազմազավակ մոր կամ ավելի տարիքով կնոջ կերպար, որը գրիմով կստանան։ Այսինքն` մի դեր, որը հիմա կապ չունի ինձ հետ։ Կարծում եմ նման դեպքերում ավելի հետաքրքիր կլինի»,- ասաց Անատին։   

Եթե դերասանուհին ժանրային բաժանում չի դնում, տեսարանների առումով ունի սկզբունքներ և հատուկ վերաբերմունք։ «Նկարահանումների ժամանակ բաց տեսարանն ինձ համար ավելի լայն հասկացողություն է։ Դու կարող ես անկողնային տեսարանում նկարահանվել, բայց բաց լինի, օրինակ, միայն ուսդ։ Ըստ իս` դա բաց տեսարան չէ, որովհետև դու մերկ չես, այնն ինչ հեռուստադիտողն էկրանին տեսնում է, խաբկանք է։ Ես ունեմ իմ սկզբունքները, ինչ տեսարան ուզում է լինի՝ տեսախցիկի առաջ չեմ համբուրվի»,– ասաց դերասանուհին ու հավելեց, որ այլ հարց է չափի մեջ ներկայանալը, օրինակ, ինքը լսարանին ավելի հայտնի դարձավ «Քարե դարդ» սիթքոմով, որտեղ հագուստը փոքր-ինչ բաց էր։

Նկարահանվելու առաջարկների հետ կապված սկզբունքները, ամեն դեպքում, դերասանուհին հարաբերական է համարում։ «Ես չեմ կարող նույն կերպ վերաբերել և՛ հեռուստասերիալին, և՛ գեղարվեստական ֆիլմին, որն իրենից լուրջ բան կարող է ներկայացնել։ Ամեն դեպքում, Հայաստանում «բաց տեսարան» ասվածն այնքանով չեմ ընդունում, որ մարդիկ տեսարանն ու կերպարը, գրեթե, միշտ կապում են անձնականիդ հետ, ասոցացնում են անձիդ հետ»,- ասաց Անատին ու ավելացրեց՝ սկզբունքները կախված են տեսարաններից, ֆիլմի որակից և իրեն բաժին հասած դերից։

Անդրադառնալով եթերից բացակայելուն` Անատին նշեց, որ դադարի ընթացքում ավելի կենտրոնացել է իր մասնագիտության վրա։ «Ուսումնասիրությունների, սովորելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու փուլում եմ։ Ժամանակիս հիմնական մասը տրամադրում եմ մաշկի խնամքին՝ դեղաբույսեր պատրաստելու մեջ եմ խորացել, որոնք կնպաստեն մաշկի բուժմանը»,- ասաց Անատին ու հավելեց, որ թեև փորձում է կանանց գեղեցկացնել, իր դերասանական կարիերայում գեղեցիկ լինելու հանգամանքն այնքան էլ չի կարևորում։

«Չեմ կարծում, որ գեղեցկությունը կարող է օգնել ֆիլմերում հայտնվելուն, որովհետև միայն գեղեցիկ լինելուդ համար քեզ չեն առաջարկի նկարահանվել։ Արտաքնի հետ կապված շատ հարցեր կարող են լինել, հնարավոր է, գեղեցկությունս երբեմն նույնիսկ խանգարի ինձ»,- ասաց Անատին։

Ժամանակին դերասանուհու անձնականն ամենաքննարկվածն էր, Անատին չէր թաքցնում անձնականին վերաբերող նորություններն ու փոփոխությունները, բայց վերջին տարիներին այս հարցի վերաբերյալ այլ մոտեցում ունի։

«Իմ անձնականը մնում է փակ, չքննարկվող։ Փորձը ցույց է տվել, որ մարդիկ որքան քիչ բան են իմանում, այնքան ամեն ինչ ավելի հարթ է գնում։ Էկրանն ու Ինստագրամը պատմում են իմ մասին այնքան, որքան ես եմ թույլ տալիս և ճիշտ համարում»,– ասաց նա։