Գլխավոր Շոուբիզնես Անահիտ Սիմոնյանն ու Հայկոն առաջին անգամ զուգերգ կներկայացնեն

Անահիտ Սիմոնյանն ու Հայկոն առաջին անգամ զուգերգ կներկայացնեն

222

Հայկոն և Անահիտ Սիմոնյանը շուտով ներկայացնելու են իրենց առաջին համատեղ երգի տեսահոլովակը։ Երգի նախապատմության, ամուսնու հետ զուգերգով այսքան ուշ ներկայանալու ու կրկին երաժշտական նորություններով հանդես գալու մասի Անահիտ Սիմոնյանը պատմել է Tert.am Life-ին։

Դեռ Հայկոյի մենահամերգից հետո խոսակցություններ կային, թե ինչո՞ւ երգիչը զուգերգով չի ներկայանում կնոջ հետ։ Ավելի ուշ` Հայկոյի ակումբային համերգներից մեկի ժամանակ զույգը հանդես եկավ երաժշտական համատեղ կատարմամբ, բայց Անահիտն երգեց այդ ընթացքում երկրից բացակայող Հռիփսիմե Հակոբյանի փոխարեն։ Իսկ հիմա արդեն պատրաստ է նրանց առաջին զուգերգը։

«Երգը հատուկ երկուսիս համար է գրված։ Երգի ստեղծման առիթ դարձավ մեր տղայի` Արմանի կնքահոր որդու հարսանիքը։ Շատ հետաքրքիր ու գեղեցիկ գործ ստացվեց, որոշեցինք, որ անպայման պետք է տեսահոլովակ նկարահանենք,- ասաց Անահիտն ու հավելեց, որ հնարավորինս շուտ կփորձեն ներկայացնել տեսահոլովակը ,- տեսահոլովակի սուժետային գիծը դեռ որոշված չէ։ Կարծում եմ` Հայկոն և ռեժիսորը ավելի լավ կորոշեն, թե ինչ համահունչ կլինի երգին։ Բավականին զգացմունքային երգ է»։

Թե ինչու են ամուսիններն այսքան երկար սպասել զուգերգով ներկայանլու համար, Անահիտը չթաքցրեց` երաժիշտ ամուսինը դրա համար ժամանակ չէր գտնում, հետո էլ ծիծաղելով հավելեց՝ լավ է ուշ, քան երբեք։ «Հայկոյի ժամանակի հարցից բացի մինչ օրս հարմար առիթ չէր եղել, որ Հայկոն մեզ համար երգ գրեր։ Իրականում միշտ ցանկացել ենք զուգերգով ներկայանալ, բայց զբաղվածության հետևանքով այնպես ստացվեց, որ Հայկոն ամենավերջում երգ գրեց մեզ համա։ Ըստ իս` շատ գեղեցիկ ու հետաքրքիր է ստացվել, մտածում եմ՝ արժեր այսքան սպասել»,- ասաց Անահիտը։

Խոսելով երգի բովանդակության մասին` երգչուհին նշեց, որ սիրո մասին պատմող մեղեդային ստեղծագործություն է․ «Երգը գեղեցիկ սիրո մասին է, որի խոսքերը հեղինակել է Ավետ Բարսեղյանը։ Լինելով մեր ընտանիքի շատ մոտ ընկերը, բարեկամը` Ավետը մեզ շատ լավ ճանաչում է։ Շատ լավ իմանալով իմ և Հայկոյի հարաբերությունների, իրար հանդեպ մեր վերաբերմունքի մասին` նա այնպիսի բառեր է գրել, որոնք բնութագրում են մեզ»։

Երգչուհին վերջին շրջանում քիչ ժամանակ է տրամադրում երաժշտական կարիերային, բայց վստահեցնում է` եթե անգամ չլիներ զուգերգը, ինքը պատրաստվում էր երաժշտական նորությամբ ներկայանալ, բայց քանի որ ստեղծվեց ամուսնու հետ համատեղ կատարումը, դադարից հետո վերադարձը իր համար խորհրդանշական երգով է կլինի։

«Որպես երգչուհի`բավականին ժամանակ չեմ ներկայացել նորությամբ, պատճառն իմ բիզնեսն է, ամիսներ առաջ ԱՄՆ-ում  խանութ բացեցի։ Հայաստանում էլ Երևանի հետ կապված ծրագրեր ենք իրականացնում։ Զբաղվածությունս իսկապես շատ է, երգարվեստին ժամանակ տրամադրել չեմ կարողանում։ Ամեն դեպքում, մոտ ապագայում այլ նոր երգեր էլ կլինեն։ Այնպես չէ, որ բոլորովին անտեսել եմ երգարվեստը։ Ստեղծագործություններ կան, որոնք գրված են ինձ համար, բայց դեռ աշխատանքային փուլում են։ Շուտով դրանք նույնպես հասանելի կլինեն»,- եզրափակեց Անահիտը։