Գլխավոր Մամուլ Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Բախվել են Toyota Rav 4-ն ու Նիվան. 10...

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Բախվել են Toyota Rav 4-ն ու Նիվան. 10 վիրավորների մեջ կան երեխաներ, 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է

297

Երեկ՝ մայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանաարհի 28 կմ հատվածում բախվել են Toyota Rav 4 մակնիշի 656 AԼ 61 համարանիշի եւ Վազ 21-21 մակնիշի 18 VՍ 008 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով 10 հոգի, որոնցից 4-ը երեխաներ են, տեղափոխվել են մի մասը Արտաշատի, մյուսներն էլ Երեւանի Սուրբ Աստվածամայր եւ Էրեբունի բժշկական կենտրոններ:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, խմբի պետ Սերգեյ Սեխլեյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից 3-ին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները

Օպերատիվ են գործել Արտաշատի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մի քանի բրիգադներով արագ ժամանել են վթարի վայր, տեղում բուժօգնություն ցուցաբերել վիրավորներին եւ տեղափոխել հիվանդանոցներ:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը, բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:

Վիրավորներից 3-ին Արտաշատի հիվանդանոց է ուղեկցել Ռ. Ներսիսյանը:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվեցին ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Տեղափոխմանը ճանապարհային ոստիկաններին ու փրկարարներին օգնության են հասել ոստիկանության զորքերի ծառայողները, քանի որ հարվածի հետեւանքով Նիվան կողաշրջվել ու մխրճվել էր երկաթե արգելապատնեշների մեջ, եւ այն դարձի բերելու համար մեծ ուժեր էին հարկավոր:

Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորներից 4-ը գտնվում են ծայրահեղ ծանր, մյուսները կայուն ծանր վիճակում:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ֆոտոռեպորտաժ