Գլխավոր Նորություններ Ճգնաժամ չի առաջանա. Էդմոն Մարուքյանը չի կարծում, որ ԲՀԿ պատգամավորները մանդատները վայր...

Ճգնաժամ չի առաջանա. Էդմոն Մարուքյանը չի կարծում, որ ԲՀԿ պատգամավորները մանդատները վայր կդնեն

157

Գագիկ Ծառուկյանը հազար անգամ ասել է, որ բիզնեսները հավատարմագրային կառավարման է հանձնել։ Էդ ի՞նչ գրություն էր որ։ Ավելի լավ էր չգրեր այդ գրությունը։ ‹‹Փաստինֆո››-ի հետ զրույցում ասել է ‹‹Լուսավոր Հայաստան›› խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի` ‹‹Բարգավաճ Հայաստան›› խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ուղղված գրությանը։

Նա նշեց, որ բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու մասին առաջինը ինքն է խոսել Հ1-ի դեբատի ժամանակ: ‹‹Այդ հայտարարությունս մեր և ԲՀԿ-ի միջև կռիվների առիթ դարձավ, ուրիշ որեւէ մեկը թեմային չմիջամտեց, կողքից ‹‹թամաշա›› էին անում։ Հիմա հիշել են››,-ասաց ԼՀԿ ղեկավարը:

Մարուքյանը նշեց, որ երբ ինքը եթերում Ծառուկյանին հարց էր տալիս, այդ նույն կուսակցության ղեկավարը («Քաղաքացու որոշում» կուսակցությանը) իրեն էր հարց տալիս՝ ինչի՞ եք ասել երրորդ ճանապարհ կա։ Մինչդեռ ՔՈ ղեկավար Սուրեն Սահակյանը դեբատի ժամանակ դեմ-դիմաց կանգնած է եղել Ծառուկյանին և հնարավորություն ուներ ԲՀԿ ղեկավարի բիզնես գործունեության մասին հարցեր ուղղելու:

Մեր այն հարցին, թե ինչ է փոխվել, որ ԱԺ նախագահը որոշեց հրապարակային գրություն ուղարկել Գագիկ Ծառուկյանին՝ կարծես հասկացնելով, որ իրենք եւս խնդիր տեսնում են՝ Էդ.Մարուքյանը նշեց, որ ամբողջ ժողովուրդը գիտի, որ գործարարը չպետք է զբաղվի քաղաքականությամբ։

«Ամբողջ ժողովուրդը էդ գիտի, Ծառուկյանն այդ մասին խոսում է, ԱԺ նախագա՞հը պետք է դրա մասին հիշեցնի։ Ավելին ասեմ՝ ո՞վ է ասել՝ երկրում օլիգարխ չկա։ Հիմա ԲՀԿ-ի ներկայացուցիչները ասում են նույնը՝ մեջբերելով վարչապետին։ Վարչապետը չի՞ հուշագիր ստորագրել ընտրություններից առաջ։ Եթե այդպիսի խնդիր կար, ինչո՞ւ էր ստորագրում»,- ասաց Մարուքյանը։

Հարցին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ մամուլում շրջանառվող այն ինֆորմացիան, որ ԲՀԿ պատգամավորները պատրաստ են վայր դնել իրենց մանդատները՝ Ծառուկյանի մանդատից զրկվելու դեպքում՝ Մարուքյանը պատասխանեց, որ չի կարծում, որ պատգամավորները մանդատները վայր կդնեն:

«Դա քաղաքական ակցիա կարող է լինել, բայց ճգնաժամ չի առաջանա։ Սահմանադրությամբ որևէ հիմք չկա խորհրդարանը ցրելու։ Չեմ կարծում նաև, թե ԲՀԿ-ի մեր գործընկերները մանդատները վայր կդնեն»,- ասաց Մարուքյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահը գրությամբ առաջարկել էր Գագիկ Ծառուկյանին հրապարակային պարզաբանում ներկայացնել՝ բիզնես գործունեությամբ զբաղվում է, թե ոչ։ Ծառուկյանն այսօր արդեն արձագանքել է՝ վերահաստատելով, որ իր կազմակերպությունները հանձնել է հավատարմագրային կառավարման։