Գլխավոր Նորություններ Դավիթ Շահնազարյան. Այն խաղաղությունը, որը մեզ պետք է, նվաճվում է

Դավիթ Շահնազարյան. Այն խաղաղությունը, որը մեզ պետք է, նվաճվում է

180

«Ուզում եմ հույս ու վստահություն հայտնել, որ սա մի մեծ գործընթացի առաջին քայլն է ընդամենը։ Ուզում եմ հույս հայտնել, որ սա բազմակողմանի, բազմավեկտոր և համահայկական գործընթացի սկիզբն է»,-ելույթ ունենալով  Ստեփանակերտում անցկացվող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումին՝ ասաց 1992-1995 թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը։

Նրա խոսքով, Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքից հետո պետք է նոր թափ հաղորդվի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին։

«Սա կարևորագույն խնդիր եմ համարում, և այս խնդիրը, բանակցային սեղանի վրա չէ, որ լուծվելու է, իշխանությունների կողմից չէ միայն, որ լուծվելու է»,-ասաց նա։

Շահնազարյանի խոսքով, կան երկրներ, որոնց խորհրդարաններում միանգամայն հնարավոր է ճանաչման խմբեր ձևավորել, օրինակ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում։ Նա ընդգծեց, առանց կրկնակի ստանդարտների գոյություն չունի արտաքին քաղաքականություն, բայց ներքին քաղաքականության մեջ կրկնակի ստանդարտներն օգտագործելն աղետ է դառնում։

«Մեզ պետք է ձեռնտու օրակարգ, դաշնակիցների, բարեկամների նոր ձեռքբերումներ, միաժամանակ չմոռանալ կարևորագույն հարցը։ Բանակցություններով, ընդհանրապես, ավելի քան համոզված եմ, որ կարգավորում չի լինելու, քանի որ հակառակորդի նպատակը ոչ թե «գրավված» տարքծներն ու հողերի վերադարձն է, այլ հայկական պետականության ոչնչացումը, երբեմն դա Թուրքիա-Ադրբեջան տանդեմը չի էլ թաքցնում։ Ուրեմն մենք պետք է դրան պատրաստ լինենք»,-ասաց նա։

Շահնազարյանի խոսքով, Հայաստանի ու Արցախի միացումը պետք է լինի Արցախը միջազգային սուբյեկտ դարձնելու միջոցով, պետականությունն ուժեղացնելու միջոցով։

«Առնվազն 30-35 տարի մենք այս իրավիճակում ենք լինելու, որը մենք անվանում ենք պատերազմական։ Եկեք այդ իրողությունն էլ մենք հասկանանք, և մեր անվտանգության պետական համակարգը պետք է կառուցվի հենց այս իրողության հիման վրա»,-ասաց նա։

Անդրադառնալով խաղաղության պատաստվելու մասին հայտարարություններին ու կոչերին՝ Շահնազարյանն ընդգծեց. «Ի՞նչ խաղաղություն, ո՞րն է այդ խաղաղությունը, կապիտուլացիա ստորագրելն էլ է խաղաղություն երկու կողմերի համար էլ։ Հա խաղաղությունը շատ բարձր արժեք է, բայց Արցախի ազատությունը, անկախությունը, Հայաստանի պետականությունը, մեկ հայրենիք երկու պետականությունը շատ ավելի բարձր արժեքներ են։  Խաղաղությունը չի տրվում ինչ-որ սեմինարներով, այն նվաճվում է, ահա այն խաղաղությունը, որը մեզ պետք է»,-ասաց նա։

Բանախոսն ընդգծեց, հայկական կողմի հակահարվածների զինանոցը մոտ է, որպեսզի Ադրբեջանը զսպվածություն ցուցաբերի։

Հիշեցնենք, որ ֆորումի կազմակերպմամբ ազդարարվելու է երկու հայկական պետությունների միջև համապարփակ համագործակցության համաձայնագիր կնքելու գործընթացի մեկնարկի մասին։

Ըստ տարածած հաղորդագրության, ընդունվելու է հռչակագիր, կյանքի է կոչվելու կազմկոմիտե, որը պետք է կազմակերպի համահայկական ստորագրահավաք՝ ի պաշտպանություն Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի։

Նախաձեռնությունը նպատակ ունի նոր ազդակ հաղորդելու Արցախի քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին։