Գլխավոր Նորություններ Կուզեի լսել, որ Քոչարյանը հստակ կհայտարարի՝ ինքը չի վերահսկել իրավիճակը, իրեն չեն...

Կուզեի լսել, որ Քոչարյանը հստակ կհայտարարի՝ ինքը չի վերահսկել իրավիճակը, իրեն չեն զեկուցել մահաբեր ուժի գործադրման մասին. Վահե Գրիգորյան. aysor.am

205

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը չեմ կարծում, որ հիմնավոր էր, Մարտի 1-ի  գործով նախնական դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան, Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը։

«Հուսով եմ՝ դատարանը կմերժի միջնորդությունը», – ասաց նա։

Վահե Գրիգորյանի խոսքով՝ Քոչարյանի փաստաբանները բոլորն էլ պրոֆեսիոնալ ու բարձրակարգ իրավաբաններ են ու, բնականաբար, ներկայացնում են իրենց պաշտպանյալի դիրքորոշումները։

Նա ասաց, թե այսօր ավելի շատ ակնկալում էր բովանդակյաին փաստարկներ։

«Ցավում են, որ դրանք չհնչեցին։ Ես չեմ կարծում, որ դրանք փաստաբանների բացթողումներն էին», – ասաց նա։

Անդրադառնալով իր հայտարարած «շոկային նյութերին», Վահե Գրիգորյանն ասաց, թե այդ բոլոր նյութերի մասին ոչ միայն խոսելու են, այլև այդ նյութերը հետազոտվելու են հրապարակային դատաքննության  ընթացքում։

«Քանի դեռ դատարանը չի որոշել նյութերի հետազոտման կարգի  շրջանակներում որ նյութերն են գաղտնիացվելու, իսկ որոնք՝ չէ, ես ձեռնպահ կմնամ որևէ տեղեկություն հայտնելու այնպիսի նյութերի մասին, որոնք, շատ հնարավոր է, ռազմական կամ պետական գաղտնիքի նկատառումներով կգաղտնիացվեն», – ասաց Վահե Գրիգորյանը։

Նա ասաց՝ երբ հայտարարել է, որ դրանք շոկային, շատ մեղմ է գտնվել։

Խոսելով «0038» հրամանից, փաստաբանը նշեց, որ այդ հրամանից տեղյակ լինելը կամ չլինելը դաշտ է նետվել քարոզչամիջոցների կողմից՝ իբրև Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմնական սյուն։

«Դա այդպես չէ, հիշե՛ք, «0038» հրամանին նույնիսկ եթե որևէ մեկը ծանոթ չի եղել… մենք չենք խոսում հրամանին ծանոթ լինելու մասին, որին, շատ հնարավոր է, որ մարդը ծանոթ չլիներ։ Խոսքը վերաբերում է ՀՀ մայրաքաղաք հսկայածավալ զորամիավորումներ տեղափոխելուն, խոսքը վերաբերվում է հրազեն գործադրելուն, մահաբեր ուժ գործադրելուն, խոսքը վերաբերում է բոլոր այն գործողություներին, որոնք մասին ամբաստանյալ Քոչարյանը չէր կարող իմանալ։ Ես կուզեմ, որպեսզի նա հստակ հայկական դատարանում հայտարարի, որ ինքը տեղյակ չի եղել, որ մոտ երկու հազար սպայական ու ենթասպայական կազմ ունեցող, բարձր պատրաստվածություն ունեցող ամբողջությամբ զինված զորաբանակ է բերվել Երևանի կենտրոն», – ասաց նա։

Նա ընդգծեց՝ կուզի լսել, որ Քոչարյանը հստակ կհայտարարի՝ ինքը չի վերահսկել իրավիճակը, որ ո՛չ ոստիկանապետը, ո՛չ մյուս հատուկ ծառայություններն իրեն չեն զեկուցել մահաբեր ուժի գործադրման մասին։

«Եվ, որ նրան չեն զեկուցել մադրկանց սպանությունների պատճառների մասին ու, առհասարակ, հարյուրավոր զինծառաողների, քաղաքացիական անձնաց ստացած տարբեր աստիճանի մարմնական  վնասվածքների մասին։ Նա պիտի դա հստակ հայտարարի», – ասաց Վահե Գրիգորյանը։