Գլխավոր Շոուբիզնես «Երբ սիրում ես, ամեն ինչ խառնվում է իրար». Նաստասյա Գոլովկոն` «Պատվից առավել»...

«Երբ սիրում ես, ամեն ինչ խառնվում է իրար». Նաստասյա Գոլովկոն` «Պատվից առավել» հեռուստասերիալի, Ռուսաստան մեկնելու և իր վախերի մասին

538

«Արմենիա» հեռուստաընկերության նոր` «Պատվից առավել» հեռուստասերիալը ռեյթինգային ցուցակում առաջատար է։ Ֆիլմի գլխավոր հերոսների` Գևորգ Գրիգորյանի և Նաստասյա Գոլովկոյի նախկին սիրավեպի ու անձնական հարաբերությունները խզելուց հետո կրկին միասին խաղալու մասին Tert.am Life-ը պատմել է իր ընթերցողներին։ Այս անգամ Նաստասյայի հետ զրուցել ենք մոտ 5 տարվա հեռուստատեսային դադարի, մասնագիտական կրթություն ստանալու և ռեժիսոր Ելենա Արշակյանի հետ աշխատանքի մասին։

«Ծյոծյա ռեժիսոր». իրեն բնորոշ ռուսական ակցենտով այսպես է Ելենային դիմում Նաստասյան, որը երկար ժամանակ բացակայում էր էկրաններից, քանի որ բնակվում և սովորում էր Սոչիում։ Այդ ընթացքում նա ներկայանում էր միայն տեսահոլովակներում և գովազդներում։ Տևական էկրանային դադարից հետո Նաստասյան ներկայացավ նախ` Ելենա Արշակյանի «Կարմիր բլուր», այնուհետև «Պատվից առավել» հեռուստասերիալում։ Ոգևորությամբ է խոսում, որ այս նախագծում մարմնավորում է գլխավոր հերոսուհուն։

23–ամյա դերասանուհին հայկական հեռուստատեսության այն դեմքերից է, որը նախ խաղալու հնարավորություն ստացավ, հետո որոշեց մասնագիտական կրթություն ստանալ։

Մասնագիտական կրթությունը Նաստասյան ստացել է Սոչիում` թատրոնին կից ստուդիայում, հիմա էլ Թատերական ինստիտուտի Դերասանական բաժնում ազատ ունկնդիր է։ Կրթություն ստանալուց հետո Նաստասյան վերանայել է նախկին դերակատարումները, գտել իր սխալները, հիմա ամենից շատ ուշադրություն է դարձնում ռուսական շեշտադրումներ չանելուն։ Ասում է` փորձում է հնարավորինս շատ աշխատել իր խաղը կատարելագործելու համար։

Նաստյայի ուսումնական պրոցեսն այսքանով չի ավարտվում։ Նա նաև Բժշկական համալսարանի ուսանողուհի է` ապագա ատամնաբույժ, թեև դեռ ինքն էլ չգիտի, հետագայում կաշխատի այս մասնագիտությամբ, թե՞ ոչ։ Նրա խոսքով` փորձում է չմտածել ապագայի մասին։

«Որպես կանոն` իրականությունը չի համընկնում իմ պատկերացումների հետ։ Հիմա կարևորն այն է, որ ուսումս ավարտեմ, իսկ մնացածը ժամանակը ցույց կտա։ Մանկուց շատ եմ սիրել նկարահանումներն ու թատրոնը։ Ամեն տարի ուզում եմ թողնել ատամնաբուժությունն ու խորանալ արվեստի մեջ, բայց դա էլ չեմ անում ու ինձ կիսում եմ երկու մասի։ Երևի, վախենում եմ, մտածում եմ` այսօր դեր ունեմ, վաղը կարող եմ չունենալ։ Այդպես եղավ, օրինակ, «Կոտրված սրտերում» նկարահանվելուց հետո,– ասաց նա ու հավելեց, որ առաջարկներ ընդունելիս ունի որոշակի տաբուներ,– ինձ հաճախ առաջարկել են բաց տեսարաններով դերեր` հաշվի առնելով, որ արտաքինս ռուսի է, սակայն ես չեմ ուզում, որ շեշտը դրվի արտաքնիս վրա։ Ես ունեմ տաբուներ, կան տեսարաններ, որոնցում չեմ նկարահանվի։ Կարևորում եմ չափի զգացողությունը»։

Ֆիլմում համբույրի տեսարաններում, այնուամենայնիվ, նկարահանվում է։ Դերասանուհու տաբուները չեն վերաբերում էսթետիկ տեսարաններին։ «Պատվից առավել» հեռուստասերիալում իր հերոսուհուն Նաստասյան շատ է սիրում։ Նույնիսկ նմանություններ է գտնում իրենց միջև։

«Այս կերպարը մարմնավորելն ինձ համար շատ հետաքրքիր է։ Պայծառ, բարի, բաց աղջիկ է, որը սիրահարվել է ու ոչինչ չի նկատում։ Իր համար այդ սերը շատ մաքուր, ազնիվ ու կարևոր է։ Երևի, բոլորի կյանքում էլ եղել է նման սեր, հատկապես, վաղ տարիքում։ Իր սխալ քայլերն արդարացված են, որովհետև սիրահարված է,– ասաց նա ու հավելեց,–  ինչ–որ առումով նման է ինձ, որովհետև ես էլ եմ ինձ համարում բարի, բաց։ Նայում եմ կերպարիս ու հիշում իմ ավելի երիտասարդ տարիքի սխալները։ Ես էլ կարող եմ խելառ քայլեր անել, եթե ամբողջ հոգով սիրում եմ։ Ես էլ կարող եմ սխալներ թույլ տալ. երբ սիրում ես, ամեն ինչ խառնվում է իրար»։

23 ամյա դերասանուհին, որը ոչ հայկական արտաքին ունի, առաջին անգամ եկել է Հայաստան 11 տարեկանում, մինչև 19 տարեկան ապրել է Հայաստանում, այնուհետև մեկնել է Ռուսաստան։ Ասում է` այն ժամանակ Ռուսաստանն իրեն ձգում էր։

«Հայաստանում ինձ շատ փակ միջավայրում են մեծացրել։ Հիմա տեսնում եմ, որ մարդիկ այստեղ ավելի ազատ են դարձել, ավելի հեշտ են նայում ամեն ինչին, չունեն ներքին սահմանափակումներ, բայց այն ժամանակ Ռուսաստանն ինձ ձգում էր։ Հիմա այստեղ էլ ինձ լավ եմ զգում»,– ասաց դերասանուհին ու հավելեց, որ Հայաստանում ապրում է եղբոր հետ։