Գլխավոր Նորություններ Աննա Հակոբյանի ոճը վերջին պաշտոնական այցերի ժամանակ. հայ դիզայների մեկնաբանությունը

Աննա Հակոբյանի ոճը վերջին պաշտոնական այցերի ժամանակ. հայ դիզայների մեկնաբանությունը

1085

Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք միջազգային այցեր կատարեց: Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն այցի ընթացքում վարչապետին ուղեկցել է նրա տիկին Աննա Հակոբյանը:

Չինաստան այցի ընթացքում Աննա Հակոբյանը նույնպես մի քանի հանդիպում ունեցավ, որոնց ընթացքում, ինչպես և ավելի վաղ տեղեկացրել էր, կրում էր հայ դիզայներների մոդելավորված զգեստները:

Այցի առաջին օրը՝ մայիսի 14-ին, Պեկինի «Շոուդու» օդանավակայանում դիմավորման հանդիսավոր արարողության ժամանակ Աննա Հակոբյանը կրում էր հայկական Nairia բրենդի հայկական նախշերով տունիկա և Taraz.am բրենդի կոշիկներ:

Մայիսի 15-ին Աննա Հակոբյանը այցի շրջանակում այցելել է Պեկինի համալսարանի քաղցկեղի հիվանդանոց: Հանդիպմանը ներկա են գտնվել Չինաստանի` ընդդեմ քաղցկեղի ասոցիացիայի գլխավոր քարտուղար Յինգ Վոնգը, արտաքին կապերի փոխտնօրեն Թինգթինգ Շուն, Պեկինի համալսարանի քաղցկեղի հիվանդանոցի փոխտնօրեններ Ջոն Գուոն և Քաիֆենգ Փանը: Աննա Հակոբյանը ներկայացրել է «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերը:

Այս հանդիպմանը վարչապետի տիկինը կրել է Anahit Baveyan բրենդի զգեստ:

Իսկ արդեն երեկոյան Նիկոլ Փաշինյանի հետ միասին Աննա Հակոբյանը մասնակցել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինիի և տիկնոջ կողմից ի պատիվ Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն համաժողովի գալա ընթրիքի մասնակիցների համար տրված գալա ընթրիքին: Գալա ընթրիքին ներկա են գտնվել համաժողովին մասնակցելու նպատակով ՉԺՀ այցելած Սինգապուրի, Շրի Լանկայի, Հունաստանի նախագահները, Կամբոջայի թագավորը:

Գալա ընթրիքին Աննա Հակոբյանը կրել է Taraz.am բրենդի զգեստ և «Սալի» բրենդի կոշիկներ:

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը դեռևս ապրիլ ամսին պաշտոնապես հայտարարել էր, որ այսուհետ կրելու է բացառապես հայ դիզայններիների մոդելավորած զգեստները:

«Այսուհետ եթե այս կամ այն զգեստը ձեզ դուր չգա, գիտեք՝ որտեղ փնտրել մեղավորներին»,- այս լուրին կից իր ֆեյսբուքյան էջում գրել էր Աննա Հակոբյանը:

Դիզայներ Արամ Նիկոլյանի հետ SHANTNEWS.am-ըզրուցել է նորաձևության ոլորտին Աննա Հակոբյանի աջակցության մասին և թե որոնք են լինելու հայ դիզայներներին ոգևորելու ու աջակցելու հաջորդ քայլերը:

Աննա Հակոբյանն ու դիզայներ Արամ Նիկոլյանը

Նիկոլյանը նշեց` փաստը, որ նա որպես հայտնի և ազդեցություն ունեցող մարդ, որը կրում է հայ դիզայներների զգեստներ, շատ կարևոր է, բայց Հայաստանում նորաձևության ինդուստրիան զարգացնելու առումով միայն այդ քայլը գլոբալ փոփոխությունների չի կարող հանգեցնել:

Դիզայները նաև շեշտեց, որ շատ լավ է անդրադառնում յուրաքանչյուր դիզայների գործունեության վրա, երբ հայտնի մարդիկ կրում են իրենց մոդելավորած զգեստները, բայց զգեստների ու դիզայներների ընտրությունն էլ այս պարագայում շատ կարևոր է ու համակարգման կարիք ունի:

«Մեր երկրում ընկալումը մի փոքր սխալ է գնում և ամեն երկրորդը դիմահարդար ու դիզայներ է դառնում սոցցանցերի միջոցով: Այդ մարդիկ որպես դիզայներ են ներկայանում և հանկարծ մի պահ նրանց բախտը բերում է՝ իրենց զգեստը հանգնում են հայտնի մարդիկ: Այդ առումով կարևորում եմ, որ տիկին Հակոբյանը գնումներ անելուց անգամ ուշադրություն դարձնի, թե ով է դիզայները և ինչով է հայտնի»,- ասաց Արամ Նիկոլյանը:

Արամ Նիկոլյանը նաև հավելեց, որ շատ լավ է, որ կան երիտասարդ դիզայներներ, որոնց ոգեշնչել է պետք, բայց դրան զուգահեռ նաև պետք է ուշադրություն դարձվի դիզայների գրագիտությանը, կրթությանն ու անցած ճանապարհին:

Դիզայներ Արամ Նիկոլյանը նորաձևության ոլորտում է արդեն մոտ 20 տարի: Որպես օրինակ` նա նշեց վրացական օրինակը, երբ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կինը Աննա Հակոբյանի նման տեղական դիզայներներին առաջ մղեց:

«Բացի այն, որ Սաակաշվիլիի կինը հագնում էր վրացի դիզայներների հագուստները, այնտեղ նաև պետական մասշտաբով կազմակերպում էին նորաձևության շաբաթներ: Այդ նորաձևության շաբաթներից մեկի բացումն արել է համաշխարհային ճանաչում ունեցող դիզայներ Ռոբերտո Կավալլին, այսինքն` նրանք բավական մեծ շուքով ոլորտը առաջ մղեցին: Վրացիները օգտագործեցին ճիշտ պահը և ճիշտ քայլեր ձեռնարկելով զարգացրին երկրի նորաձևության ոլորտը: Հիմա ցանկացած վրացի դիզայներ եվրոպական հարթակներում սպասված հյուրերից մեկն է: Այսինքն` Սաակաշվիլիի կինը փուլ առ փուլ քայլեր ձեռնարկեց նորաձևության ոլորտը զարգացնելու համար»,- ասաց Նիկոլյանը:

Արամ Նիկոլյանը հույս հայտնեց, որ Աննա Հակոբյանը նույնպես նորաձևության ոլորտի աջակցության ու զարգացման հարցում քայլեր կձեռնարկի, որոնք հետագայում միջազգային հարթակներում Հայաստանն ավելի ներկայանալի կդարձնեն: