Գլխավոր Նորություններ Բոլոր դատարանները արգելափակելու գրառման քրեաիրավական վերլուծություն

Բոլոր դատարանները արգելափակելու գրառման քրեաիրավական վերլուծություն

185

Առավոտյան 8:30-ից բոլոր դատարաններն արգելափակելը հանդիսանում է իրավունքի տարբեր ճյուղերով պաշտպանվող իրավահարաբերությունների կոպիտ խախտում: Այս արտահայտությամբ ոտնահարվում են սահմանադրական իրավունքները, խախտվում մարդկանց հիմնարար իրավունքներն ու ազատությունները և վերջն ի վերջո հրապարակավ հանցագործություն է կատարվում:

Սահմանադրությամբ երաշխավորված է դատական իշխանության անկախությունը: Իսկ Սահամանդրության  162-րդ հոդվածն ամրագրում է, որ
«Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է»:

Այն իշխանության առանձնացված ճյուղ է, որը չի վիճարկվում, և բխում է բոլոր միջազգային փաստաթղթերից, որոնց միացել է նաև Հայաստանը: Բոլոր դատավորներին աշխատանքի վայր մուտք գործելն արգելելը ոչ միայն պարալիզացնում է դատական համակարգը, այլ նաև բերում մարդու իրավունքների խախտման: Քանի անձի խափանման միջոցի հարց պետք է քննարկվեր վաղը,  քրեական, քաղաքացիական ու վարչական գործերով նիստեր տեղի ունենային:

Չտանելով հուզական դաշտ, ինչը չնայած դժվար է, քանի որ դատարաններն արգելափակողների մեջ կլինեն բազմաթիվ հանցագործներ ու նրանց մերձավոր ազգականներ, հարկ է նշել, որ նրանք, անձնական խնդիր ունենալով այս կամ այն դատավորի հետ, օգտվելով ստեղծված իրավիճակից, կփորձեն վրեժխնդիր լինեն դատավորներից:

Բայց կարևորը հետևյալն է, որ Վարչապետին պետք է հիշեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի մասին, որի 1-ին մասի համաձայն՝ Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը հանցագործություն է ու պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:

«Խոչընդոտել» նշանակում է դժվարություններ ու արգելքներ հարուցել ինչ-որ մի բանի առջև, խանգարիչ կամ խափանիչ հանգամանքներ ստեղծել, դիմադրել, խանգարել, արգելել, իսկ «միջամտել» նշանակում է ուրիշների գործերի մեջ մտնել, խառնվել, չեզոք չմնալ, մասնակցել, հեռու չկանգնել, որևէ գործին խառնվել՝ կասեցնելու, ընթացք տալու, խափանելու նպատակով:

ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի իմաստով միջամտությունը կարող է դրսևորվել ամենատարբեր եղանակներով՝ պահանջելով, հարկադրելով, տարաբնույթ ճնշում գործադրելով, ծառայություններ մատուցելու խոստումներ տալով, իրավունքներն ու օրենքով պաշտպանվող շահերը ոտնահարելով կամ վերը նշված գործողություններ կատարելու սպառնալիքով և այլ եղանակներով: Միջամտությունը կարող է արտահայտվել նաև ցույցեր, հավաքներ, հանրահավաքներ կազմակերպելով՝ զուգորդված դատարանին կամ նախաքննություն իրականացնող մարմնին կոնկրետ գործի քննության կապակցությամբ ներկայացվող պահանջներով:

Այս մեկնաբանությունը  գիտի  իրավաբանության ֆակուլտետի 3-րդ կուրսի ցանկացած ուսանող կամ ավելի ճիշտ է՝ պետք է իմանա….

Նման կոչը պարունակում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ: Այդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

ՀՀ սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայն՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:Հետևաբար ՀՀ վարչապետը դատական իշխանության գործունեությանը որևէ մասնակցություն չպետք է ունենա, իսկ այդ գրառմամբ նա ոչ միայն մասնակցություն է ուզում ունենալ, այլ նաև ակնհայտ միջամտում է և ստեղծում անկայուն անորոշ ծանր մթնոլորտ:

ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

ՀՀ վարչապետը որպես պաշտոնատար անձ չունի նման լիազորություն, որով կարող է արգելափակի դատարանների գործունեությունը: Հետևաբար առկա են նաև ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները:

Կյանքի պարադոքս….. պարոն վարչապետ, մտածել է պետք….

Նյութի հրապարակման պահին վարչապետին` հակասահմանադրական քայլից հրաժարվելու եւ օրինականության դաշտ վերադառնալու բազմաթիվ հայտարարություններ են եղել, նրանց թվում ՄԻՊ-ի, Փաստաբանների պալատի, ԲԴԽ-ի, տարբեր իրավաբանների ու քաղաքական ուժերի կողմից, իսկ դատախազությունը, ով մեր երկրում կոչված է  քրեական հետապնդում հարուցել ու  հսկողություն իրականացնել մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ, հանգստանում էր ու որեւէ մեկնաբանություն չի հնչեցրել դատական մարմինների գործունեությունը պարալիզացնելու գործադիր իշխանության ղեկավարի` վարչապետի հայտարարության առնչությամբ:

Հ.Գ. ՀՀ Սահմանադրության 163-րդ հոդվածով արգելված է արտակարգ դատարանների ստեղծումը: