Գլխավոր Մամուլ ՀՀ ՍԴ-ն չի համակերպվում, որ Ամերիկայի գերագույն դատարանը չէ. Վճռաբեկ դատարան-ՍԴ վեճը...

ՀՀ ՍԴ-ն չի համակերպվում, որ Ամերիկայի գերագույն դատարանը չէ. Վճռաբեկ դատարան-ՍԴ վեճը որևէ դրական արդյունք չի տա. 1in.am

102

Երեկ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները հայտարարություն տարածեցին, որում մեղադրում էին Սահմանադրական դատարանին գործառութային տարանջատման սկզբունքը խախտելու մեջ։

«ՀՀ Սահմանադրության սկզբունքի հետևողական կենսագործումն ապահովում է ՀՀ Սահմանադրական դատարանը, որի որոշումները մշտապես կարևոր դերակատարություն են ունեցել Սահմանադրության կայունության և զարգացման ապահովման, սահմանադրական արժեքների արմատավորման, միասնական սահմանադրական դոկտրինի ձևավորման գործում՝ պայմանավորելով դրանց ուրույն տեղն իրավահամակարգում:

Հիմնական օրենքը ՍԴ-ին վերապահել է սահմանադրական արդարադատություն իրականացնելու, իսկ վճռաբեկ դատարանին՝ հիմնարար խախտումները վերացնելու, ինչպես նաև օրենքների և նորմատիվ այլ իրավական ակտերի միատեսակ կիրառությունները ապահովելու եղանակով արդարադատություն իրականացնելու առաքելությունը: Սահմանադրական և վճռաբեկ դատարանների կողմից օրենքների մեկնաբանության գործառութային սահմանները կանխորոշող ելակետային չափանիշը հենց այդ առաքելությունն է:

Ունենալով իրավասությունների՝ սահմանադրորեն հստակ ամրագրված շրջանակ, պետական իշխանության մարմիններն իրենց գործառույթները պետք է իրացնեն այնպես, որ հարգանք դրսևորվի միմյանց լիազորությունների և հեղինակության նկատմամբ: Մինչդեռ ՍԴ-ի՝ Վաչագան Ղազարյանի դիմումի հիման վրա 2019 թվականի ապրիլի 16-ին թիվ ՍԴՈ-1453 և Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշումներում տեղ գտած գնահատականները, որտեղ մի դեպքում վճռաբեկ դատարանի հայեցողական լիազորությունների իրացումը որակվել է որպես կամայականություն, իսկ մեկ այլ դեպքում դատական բարձրագույն ատյանի գործունեության հիմնական ուղղության՝ օրենքի միատեսակ կիրառության և իրավունքի զարգացման ապահովման գործառույթի իրագործումը՝ լիազորությունների ըստ էության վերազանցում, խարխլում են դատական իշխանության երկու մարմինների միջև օրենքի մեկնաբանության ոլորտային սահմանները՝ վտանգելով գործառութային տարանջատման սկզբունքը:

Վճռաբեկ դատարանի քրեական պալատը Բարձրագույն դատական խորհրդից՝ որպես դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորող մարմնից, ակնկալում է համարժեք արձագանք»,- ասված էր Վճռաբեկ դատարանի հայտարարության մեջ։

Թեև Վճռաբեկի այս հայտարարությունը վերաբերում էր Վաչագան Ղազարյանի՝ Սերժի Վաչոյի գործին, սակայն երեկ արդեն մեկնաբանություններ էին հնչում, որ Վճռաբեկի հայտարարությունը պայմանավորված էր դատական համակարգի վերաբերյալ վերջին օրերի զարգացումներով։

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ Վճռաբեկի հայտարարությունը, միանշանակ, կապված է վերջին օրերի զարգացումների հետ։ Հակառակ պարագայում հնարավոր չէր պատկերացնել, որ Վճռաբեկ դատարանը կարող էր նման հայտարարություն տարածել, ասել է թե՝ դեմ դուրս գար Սահմանադրական դատարանին։ «ՍԴ-ն ունի 12 հստակ լիազորություն, և որևէ լիազորությունից չի բխում ոչ միայն Վճռաբեկ դատարանի՝ Հանուն Հայաստանի Հանրապետության կայացված դատական ակտը մեկնաբանելը և, առավել ևս, գնահատական տալը։ Սահմանադրական դատարանը այդ իրավունքը չունի նույնիսկ որևէ համատիրության գործունեության առնչությամբ։ Ավելին ասեմ. ՍԴ-ի՝ վերջին տարիներին ձևավորված այդ գործելակերպը, կամայական մեկնաբանությունները լուրջ խառնաշփոթ են ստեղծել իրավապահ մարմինների և դատարանների իրավակիրառ պրակտիկայում, քանիոր, ուզենք թե չուզենք, իրավական համակարգում ծնվում են թեև ապօրինի, այնուհանդերձ որոշումներ, որոնք կայացվել են Սահմանադրական մարմնի կողմից, ինչը, համարում եմ, թույլատրելի չէ»,-ասաց Սիրունյանը։

Նրա խոսքով՝ նույն՝ Քոչարյանի գործով Դավիթ Գրիգորյանի վիճահարույց հայտնի որոշումը պատահականություն չէ։ «Դավիթ Գրիգորյանը քաջ տեղյակ լինելով, որ Սահմանադրական դատարանը Սահմանադրություն մեկնաբանող մարմին չէ, և լավ իմանալով, որ ինքը նման խնդրանքով հանդես գալու իրավուքն չուներ, այնուհանդերձ, Սահմանադրական դատարանից խնդրել է տալ մեկնաբանություններ։ Իմ կարծիքով՝ սա նույն թելի շարունակությունն է»,- ընդգծեց փաստաբանը։

Մեր դիտարկմանը ի պատասխան՝ այս գործընթացը, երբ Վճռաբեկ դատարանը արդեն ընդդիմանում է ՍԴ-ն, հիշեցնում նրա սխալները, հնարավո՞ր է առողջացման որևէ գործընթացի սկիզբ համարել, Սիրունյանը ասաց. «Այս վեճը ինչ որ դրական բանի չի տանելու։ Իմ դիտարկմամբ՝ նախորդ տարիներից Սահմանադրական դատարանը մշտապես չի կարողացել համակերպվել այն մտքի հետ, որ այն Ամերիկայի գերագույն դատարանը չէ, որն իրոք և՛ արդարադատություն է իրականացնում, և՛ Սահմանադրություն է մեկնաբանում, և՛ արձակում է պարտադիր կատարման նորմատիվ ակտեր։ Ես կարծում եմ, որ հանրապետության նախագահը՝ որպես Սահմանադրության պահպանմանը հետևող սահմանադրական մարմին, որպես իշխանության ճյուղերի հավասարակշռություն ապահովող միակ սահմանադրական սուբյեկտ, պետք է միջամտի ստեղծված իրավիճակին»։