Գլխավոր Մամուլ Բակո Սահակյանի «մեղրը»․ ինչո՞ւ է Արցախը ձգում քրեաօլիգարխիային

Բակո Սահակյանի «մեղրը»․ ինչո՞ւ է Արցախը ձգում քրեաօլիգարխիային

122

1in.am- ը գրում է. Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին մի չգրված կանոն էր գործում․ իշխանությունից «ֆիլտրված» գործիչները շտապում էին Արցախ, հանդիպում էին Բակո Սահակյանի հետ, ներդրումներ էին անում ԼՂՀ-ում։ Սա քավության նմանվող մի ծիսակարգ էր, իհարկե՝ քրեաօլիգարխիկ համակարգի կանոններով։ Սերժ Սարգսյանը շատ լավ գիտեր, թե համակարգից օտարված գործիչն ինքան է թալանել իր պաշտոնավարման տարիներին ու նրա Արցախում կատարած «մուծումների» կամ ներդրումների համատեքստում էլ որոշում էր՝ ներել կամ ոչ «ֆիլտրվածին»։

Իհարկե, «ներման» այս գործընթացում շատ մեծ դերակատարություն էր վերապահված Բակո Սահակյանին, որն առանցքային, որոշիչ խոսք ուներ Սերժ Սարգսյանի ստեղծած համակարգում։

Հիմա գործում է մեկ այլ տրամաբանություն։

Դարձյալ Ստեփանակերտ են շտապում Հայաստանի իշխանության կողմից մերժված մարդիկ, որոնք, սակայն, կատարյալ դիսկոմֆորտի մեջ են Հայաստանում և Արցախի համակարգի մեջ գտնում են իրենց «օազիսը»։ Սակայն արմատապես փոխվել է Բակո Սահակյանի, այսպես կոչված, համակարգային կարգավիճակը։ Եթե անգամ Նիկոլ Փաշինյանի մոտ գործում է «բարեխոսողնեի» ինստիտուտը, ԼՂՀ նախագահը հաստատ այդ մարդկանց շրջանակում չէ։

Բակո Սահակյանը, տվյալ դեպքում, հենց ինքն է այն «մեղրը», որը ձգում է Հայաստանի նախկին համակարգի մարգինալացած ներկայացուցիչներին, որովհետև մարմնավորում է հին իշխանությունը՝ թեկուզև լոկալ դրսևորմամբ, ոմանց մոտ արթնացնում է նոստալգիկ տրամադրություններ, ուրիշներին հույս է ներշնչում, թե Հայաստանում տակավին հնարավոր է ռեստրավրացիան։

Ահա, այսպիսի բաղադրություն ունի Բակո Սահակյանի «մեղրը», համենայն դեպս այն բանից հետո, երբ Եռատոնի կապակցությամբ Սերժ Սարգսյանը իր հրաժարականից հետո որոշեց «մարդամեջ» դուրս գալ հենց Արցախում, իսկ Բակո Սահակյանը նույն օրերին շտապեց Երևան, որպեսզի Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հետ աջակցի Ռոբերտ Քոչարյանին՝ ավելի սիրելի ու հարազատ դառնալով նախկինների համար։

Խնդիրն այն չէ, որ Արցախը հանցագործ հետագիծ ունեցող նախկինների «մեկուսարան» է։ Բնավ՝ ոչ, ու նույնիսկ հակված ենք կարծելու, որ հայկական երկրորդ պետության մեր հայրենակիցներն ունեն քաղաքացիական նույն ընկալումն ու օրակարգը, որը դոմինանտ է Հայաստանում։ Ամբողջ խնդիրն այն է, որ Արցախի իշխանությունն օբյեկտիվորեն փակ համակարգ է, ավելի «պահպանողական»՝ ակամայից դառնալով նախկինների համար հարազատ միջավայր՝ թե՛ ծագումնաբանակական ու թե՛ նույնիսկ՝ մենթալ առումներով։ Չգիտեմ՝ սա գիտակցո՞ւմ է Բակո Սահակյանը, թե՞ ոչ, բայց իր վարքագծով ամբողջ Արցախը հանիրավի դուրս է դնում այն լեգիտիմ իրականությունից, որը ձևավորվել է Հայաստանում։ Իհարկե, մեր հեղափոխականներն էլ պետք է զգույշ ու նրբանկատ լինեն՝ Արցախը երբեք ու ոչ մի պարագայում «հեղափոխական-հակահեղափոխական» պրիմիտիվ դիլեմայում չդիտարկելու համար։

Մյուս կողմից՝ Արցախի գործող իշխանությունը կարծես դարձել է վտանգավոր «տրանզիտ», որի «կանաչ լույսը» «լավ աչքով» է նայվում Մոսկվայում։ Սա արդեն շատ ավելի տարողունակ ու բազմաշերտ թեմա է, որին առաջիկայում կանդրադառնանք։ Սակայն հպանցիկ նկատենք, որ մոսկովյան շատ որոշակի շրջանակներ խաղադրույք են կատարել հեղափոխության հեղհեղուկ համակարգի ու ռևանշիզմի ծարավ նախկինների պայքարի հետևանքով առաջացած ներհայկական հակադրության բազմաշերտ խճանկարի վրա՝ Արցախի «ռուսաֆիկացման» ծրագիրը առաջ տանելու համար։

Վերջում նշեմ, որ այս խոհերն առաջացան այսօր, երբ տեղեկություն տարածվեց, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, որը հայաստանյան վեթինգից ապաստան է գտել Արցախում, որի իշխանության միջանցքներում հեղափոխական քամիները, մեղմ ասած, պոպուլյար չեն։ Եթե նույնիսկ Թովմասյանի արցախյան այցը պարզապես զուգադիպել է հայաստանյան դրամատիկ իրադարձությունների հետ, միևնույն է՝ խորհրդանշական է։