Գլխավոր Մամուլ Պուտինի վրեժը հայկական հեղափոխությունից․ Երևանի հուսահատ պատասխանը

Պուտինի վրեժը հայկական հեղափոխությունից․ Երևանի հուսահատ պատասխանը

238

Ռուսական «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիան հերթական անգամ առաջարկել է Տնօրենների խորհրդի կազմում որպես անկախ տնօրեն ներառել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այս լուրն ինքնին անկանկալ չէ, համոզված եմ՝ Քոչարյանը ռուսական կորպորացիայում պաշտոնը պահպանելու էր նույնիսկ այն պարագայում, եթե յոթ օր առաջ դատարանը փոխած չլիներ նրա խափանման միջոցը։ Ուղղակի հիմա այս իրադարձությունը շատ ավելի խորհրդանշանական դարձավ, որովհետև Մոսկվան իր սցենարի առաջին փուլի հաջող ավարտի համտեքստում «չարչարանքիդ ապաշխարանք» արեց Քոչարյանին։

Քոչարյանի ազատության մեջ հայտնվելու փաստը տարբեր կերպ է մեկնաբանվում, սակայն քչերն են բացահայտ խոսում այն մասին, որ սա Մոսկվայում՝ հայկական հեղափոխության դեմ ծրագրված բավականին հեռահար պլանի ընդամենը մի բաղադրիչն էր։ Դա ակնհայտ էր դեռ դատավարության առաջին օրեին, երբ «քաղաքացիական բախումներ» բեմականացվեցին(ռուսական «հիբրիդային պատերազմի» դրսևորումնեից մեկն է), որոնց հիմնական նպատակն ոչ այնքան այն էր, որ ցույց տային հասարակության աջակցությունը Քոչարյանին, որքան՝ հանրային ու միջազգային կարծիք ձևավորելը, թե իբրև Նիկոլ Փաշինյանի թիմը չի վերահսկում իրավիճակը։

Մոսկվան մասամբ հասավ իր նպատակին՝ հատկապես դատարանի որոշումից հետո, երբ այդ կարծիքն ավելի ամրապնդվեց, իսկ Հայաստանի իշխանության քայլերը կամ պատասխանը հուսահատ էին, որն ավելի է ամրապնդում քաոտիկ իրավիճակը։ Հայաստանի իշխանությունը ցավոք չհասկացավ, որ դավադիր պլանն՝ իր բնույթով, նման է Հոկտեմբերի 27-ին՝ այն տարբերությամբ, որ հիմա որդեգրվել է բիրտ միջամտության, այսպես ասած, անարյուն սցենարը՝ գոնե առայժմ։

Դատական ռեֆորմի կամ վեթինգի հարցում իշխանությունն աններելիորեն ուշացել է ու սա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը դրա անհրաժեշտության մասին առաջին անգամ խոսել է անցյալ տարվա օգոստոսի 16-ին՝ իր պաշտոնավարման հարյուր օրվան նվիրված հանրահավաքում։ Երեկվա խորհրդարանական լսումները ցավալիոերն բացահայտեցին, որ Հայաստանի կառավարությունը հիմա էլ չունի հայեցակարգային լուծումներ ու, մեղմ ասած, փնտրտուքի մեջ է։ Բարձրացած աղմուկը հանգեցրեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականին, գուցե հեռանա նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, սակայն սրանք ինստիտւցիոնալ լուծումներ չեն, եթե վեթինգի գաղափարը ճիշտ չձևակերպվի կամ գործընթացը տեղի չունենա կոնսոլիդացիոն այնպիսի միջավայրում, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե գործադիրը ճնշում բանեցրեց դատական համակարգի վրա՝ դրա նկատմամբ իր տոտալ վերահսկողությունը հաստատելու նպատակով։

Չասել չեմ կարող․ առայժմ այդպիսին է տպավորությունը, մանավանդ իշխանությունները կամա թե ակամա արդեն ֆունդամենտալ սխալ են թույլ տվել։

Դատական ռեֆորմը կամ վեթինգը չէր կարելի կապել մի կոնկրետ քրեական գործի հետ, առավելև ևս՝ չէր կարելի այդ կարևորագույն գործընթացի մեկնարկը տալ դատարանների շենքերն արգելափակելու էմոցիոնալ, քաղաքական առումով ոչինչ չտվող, սակայն երկրի իմիջին հարվածող ակցիայով։ Դրանով Նիկոլ Փաշինյանի թիմն անգնահատելի ծառայություն մատուցեց Ռոբերտ Քոչարյանին ու նրա պաշտպանական թիմին, որոնք արդեն այսօր խոսում են դատարանների նկատմամբ կառավարության ճնշման մասին։ Քոչարյանի ու մյուսների գործի ապալեգիտիմացումը ձեռնտու է միայն երկրոդ նախագահին ու նրան ակնհայտորեն սատարող մոսկովյան շրջանակներին, Փաշինյանի թիմն ակամայից օժանդակեց նրանց ջանքերին։

Մյուս կողմից՝ դատարանների շրջափակման ակցիայով ավելորդ տեղը լեգիտիմացվեց Քոչարյանի քաղաքական գործոնը։ Միթե՞ Նիկոլ Փաշինյանը չէր հասկանում, որ իր «անտիՌոբերտ» ակցիայով Քոչարյանին դարձնում է ընդդիմության առանցք, լիդեր ու հետո ինչո՞ւ են «քայլողները» զարմանում ՀՅԴ հանրահավաի, դրանում հնչեցված տեսակետների, օդում կախված լարվածության վրա։

Հիմա էլ ասում են՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխած դատավորի վրա ճնշումներ են գործադրվել, որ նա ինքնուրույն որոշում չի կայացրել։ Սա ներկայացվում է՝ որպես դատարանների պաշարման ակցիայի ալիբի։ Եթե հեղափոխության թիմը տիրապետում է օրենսդիր ու գործադիր ամբողջ իշխանությանը ու ներսի կամ դրսի ուժեր կարողացել են ճնշում գործադրել դատավորի վրա ու մինչև հիմա անպատիժ մնալ, ապա դա խոսում է շատ տխուր իրականության մասին՝ որ Հայաստանում իշխանություն՝ բովանդակային, ինստիտուցիանլ առումնորեվ, չկա, կամ՝ այդ իշխանությունը բուտաֆորիա է։

Հենց այդ հաշվարկն էլ անում են Քոչարյանն ու նրան սատարող Մոսկվան։ Հարվածում են հեղափոխության հեղհեղուկ համակարգին՝ վստահ լինելով, որ վերջինս ընդունակ չէ համարժեք արձագանքման, մանավանդ, որ՝ Փաշինյանը Մոսկվայի հետ լարվածությունը, որպես կանոն, փորձում է հանգուցալուծել ոչ թե ռացիոնալ քայլերով, այլ՝ Պուտինին սիրաշահելով։