Գլխավոր Սպորտ ​Յոգան իմաստավորում է մարդու կյանքը…

​Յոգան իմաստավորում է մարդու կյանքը…

249

Հունիսի 21-ը աշխարհի շատ երկրներում նշվում է որպես Յոգայի միջազգային օր: Այս առիթով էլ զրուցել ենք Սատտվա Յոգա Ստուդիոյի հիմնադիր տնօրեն, յոգայի ուսուցիչ Նարինե Բաղդասարյանի հետ: -Տիկին Բաղդասարյան, այսօր բավականին շատացել են յոգայի կենտրոնները: Դաշտում ինչո՞վ է առանձնանում Սատտվա Յոգա Ստուդիոն: -Առավելության մասին առհասարակ միշտ փորձում եմ լռել: Լավագույն գնահատականը տալիս են ստուդիոյի քառամսյա կուրսերին մասնակցած իմ սաները: Ժամանակի ընթացքում փոխվում են նրանց գաղափարները, ինչի արդյունքում փոխվում է կյանքը: Նրանք հասկանում են՝ յոգան միայն մարմնամարզություն չէ, այլ ապրելակերպ, ճիշտ ճանապարհի վրա դնող համակարգ: Միայն թե մարդն էլ պիտի իրեն լավ զգա այդ ճանապարհին, որովհետև յոգայում ամեն ինչ հավասարակշռված է: Իսկ մենք սովորաբար չենք սիրում գտնվել սահմանների մեջ: Յոգայի դեպքում աշխատանք ես կատարում քո անձի հետ. բացի քեզնից՝ քո ներաշխարհի և մարմնի համար ոչ մեկը պատասխանատվություն չի կրում: Ամեն ինչ գալիս է քո մտքերից, կրթվածության մակարդակից, բայց ոչ ինտելեկտուալ, այլ՝ հոգևոր, որովհետև որքան էլ ինտելեկտը հոգա մեր նյութական կարիքները, կյանքի արժեքը հոգևորի մեջ է: Եվ քանի դեռ չկա այդ հոգևոր զարգացվածությունը մարդու կյանքում, նա ունենալու է խնդիրներ: Այս ամենը ես շատ մանրամասն փոխանցում եմ Սատտվա Յոգա Ստուդիոյի սաներին: Ի դեպ, սատտվա նշանակում է մաքրություն: Այդ անունն ենք ընտրել, քանի որ իմ դպրոցը միայն յոգա չի ուսուցանում, այլև մաքուր, պրանիկ սնունդ: Պրանան տիեզերական էներգիան է, որը մեր մարմնի մեջ վերածվում է կենսական էներգիայի: Պրանան ոչ բոլոր ուտելիքներն են, որ մեզ կարող են տալ: Վատ որակի, մեռած սննդից էներգիա չենք քաղում: Էներգիա փոխանցվում է բացառապես մաքուր սննդից: Յոգայի ու սննդակարգի միաձուլումը մեր ստուդիոյի ամենակարևոր առանձնահատկություններից է: Դրա համար էլ մեր լոգոն կանաչ խնձորն է: -Արդյոք յոգան բոլորի՞ն է անհրաժեշտ, և բոլորը կարո՞ղ են հաճախել յոգայի: -Յոգան անհրաժեշտ է բոլորին՝ սկսած ծնված օրվանից: Ես իմ երեխաներին մեծացնում եմ յոգայի օրենքներով, որ նրանք մոտ լինեն բնությանը: Յոգան գիտաֆանտաստիկա չէ, այն քո ներսում եղածն է, որի վրա պետք է աշխատել՝ հայտնաբերելով ունեցածդ թաքնված հնարավորությունները, որ չեն կարողանում արտահայտվել եսի, մարմնի, հոգու աղտոտվածության պատճառով: Յոգայի կարող են հաճախել բացառապես բոլոր ցանկացողները, ուղղակի այն պիտի ներսում հասունանա: Իմ նպատակն է այնքան լույս տարածել Հայաստանում ու Հայաստանից դուրս, որ ամեն մեկին գոնե մի շողիկ հասնի, որ մարդիկ արթնանան խորը քնից: -Ի՞նչ է փոխվում մարդու կյանքում յոգայի հաճախելուց հետո: -Փոխվում է ամեն ինչ՝ նայած, թե տվյալ անձը ի՞նչ է կրում իր ներսում: Եթե լույս է կրում, լույսը քառապատկվում է, եթե չի կրում, ծնվում է: Յոգան իմաստավորում և վերաիմաստավորում է մարդու կյանքը: Յոգայից հետո շատերը մտածում են բոլորովին այլ կերպ և վերարժեքավորում են այն ամենը, ինչ մինչ այդ արժեք էին համարում: -Կրկին անդրադառնանք սննդագիտությանը և մյուս թեմաներին, որոնց ծանոթացնում եք Ձեր սաներին: -Ուտել քաբաբ, տոլմա, գաթա և գնալ յոգայի դասի, պրոֆեսիոնալ չէ: Յոգայում կա օրգանիզմի մաքրման համար նախատեսված կետ, որի վրայով բոլորն անցնում են: Դա այսօր ձեռնտու չէ բիզնեսային յոգան առաջ տանողներին: Ճիշտ է, ես էլ եմ աշխատում, բայց ինձ համար առաջնայինը մարդու առողջությունն է, ոչ թե գումարը: Եթե յոգան ճիշտ ես մատուցում, պիտի բնական սննդի մասին անպայման խոսես՝ անդրադառնալով ոչ միայն ինչ ուտելուն, այլև ինչպես ուտելուն, ինչպես պատրաստելուն և սննդային համադրություններին: Սատտվայում խիստ օրենքներ չկան. ամեն մարդ դրանք կիրառում է այնքան, որքան կարողանում է, բայց հաստատ ամեն մեկը մի լավ բան անում է: Մեր քառամսյա կուրսի թեմաները շատ բազմազան են: Սկսում ենք մարմնից, ավարտում հոգով, այսինքն՝ ավարտ, ըստ էության, չկա: Ես կարևորում եմ ինքդ քեզ, դիմացինին ճանաչելու արվեստը, որին ևս անդրադառնում եմ դասերի ընթացքում: Եթե ինքդ քեզ չճանաչես, չգնահատես, դիմացինին չես կարող ճանաչել ու գնահատել, եթե քեզ չսիրես, դիմացինին չես կարող սիրել: Կան շատ հետաքրքիր լեկցիաներ կնոջ ու տղամարդու փոխհարաբերությունների մասին, որովհետև այսօր ավելի շատ ինձ մոտ կանայք են հաճախում, որոնք հիմնականում ամուսնական կյանքում ունենում են փոխհարաբերությունների հետ կապված ամենատարբեր խնդիրներ: Նրանք պիտի հասկանան, որ եթե իրենք իրենց չսիրեն, տղամարդու կողմից սիրո չեն արժանանալու: Սատտվայում կանայք սովորում են սիրել իրենց անձը և ընկալել իրենց գեղեցկությունը՝ անկախ մարմնի քաշից: Եթե հակիրճ ասեմ՝ մեր դպրոցում կինը գտնում է ինքն իրեն: Յոգան կյանքի արվեստ է: -Բավական երկար տարիներ է՝ Ձեր փորձն ու գիտելիքները փոխանցում եք Ձեր սաներին: Ի՞նչ եք հասկացել՝ որո՞նք են մեր հասարակության ամենախոցելի կողմերը, որ խանգարում են առողջ ապրելակերպին: -Մեր հասարակության խոցելի կողմերից են չընդունելը, փակ լինելը, լավը չտեսնելը, քարկոծելը: Յոգան սովորեցնում է ընդունել ուրիշների ներսի՝ մեր գույներից տարբեր գույները: Հասարակության մի մեծ հատված կա, որ յոգան էլ ընդհանրապես չեն հասկանում ու չեն ընդունում, բայց ես չեմ քննադատում: Դա էլ է նորմալ, որովհետև ամեն մի լուսավոր բան, որ գալիս է շատ վերևից, մարդիկ չեն հասկանում: Մի անգամ լեկցիայի ժամանակ մի նախադասություն ասացի, բոլորը սկզբում զարմացան, ծիծաղեցին, հետո հուզվեցին: Ասացի՝ երբ մթնում է, չի կարելի ուտել: Որքան պարզ նախադասություն է, չէ՞, բայց մարդն անգամ այդքան պարզ միտքը չի ընկալում և ընդունում: Մարդիկ չեն հասկանում, որ երբ լույս է, պետք է աշխատել և ուտել, իսկ երբ մութ է, չի կարելի ուտել, պետք է քնել: Հաճախ դրսի մարդկանց անհասկանալի է, թե ինչ է կատարվում մեր ստուդիոյում, որ իմ սաները դասերից դուրս են գալիս երջանիկ: Իրականում նրանք փոխել են իրենց ներսը և օգտագործում են մաքուր սնունդ: Նրանց մեջ արձագանք է տվել իմ ասածը: Իսկ երբ մարդու սիրտը փակ է, նա չի արձագանքում ոչնչի: Յոգան սովորեցնում է կրթվել այնպես, որ ինքդ լուծես քո հարցերը, դառնաս քո կյանքի ուսուցիչը, քո բժիշկը՝ առանց ծայրահեղության մեջ ընկնելու: Ես իմ հետևորդների քանակից հասկանում եմ, որ այսօր բավական շատացել են մարդիկ, որոնք զգում են յոգայով զբաղվելու կարիք: -Ինչպե՞ս եք կարողանում բազմամարդ խմբի ներսում հավասարաչափ մոտեցում ցուցաբերել իրարից տարբեր մարդկանց: -Յոգայով զբաղվելու 26 տարիների ընթացքում հասկացել եմ՝ ինչքան դժվար է խմբային աշխատանք վարելն ու արդյունք քաղելը: Բայց հասել եմ հաջողության: Ես զգում եմ խմբում ներկա սաներիս հոգու էներգիաները, տեսնում ու ճանաչում եմ նրանց: Կա մարդ, որի համար քո ասածը կարող է հնչել ֆանտաստիկայի ժանրից, կա մարդ, որի համար ասածդ քիչ է: Այնպիսի ոսկե միջին պիտի գտնել, որ բոլորն էլ երջանիկ դուրս գան դասից՝ ստանալով այն, ինչ ուզում են: -Արդյոք յոգայի հաճախելու ժամանակահատվածը բավարա՞ր է՝ հետագա տարիներին յոգան կենսաձև դարձնելու համար: -Սաներիս ութսուն տոկոսին հաջողվում է իրենց հաջողությունները պահպանել յոգայի չհաճախելուց հետո էլ: Դա մեծ թիվ է, ինչը հաղթանակ եմ համարում: Մնացած քսան տոկոսի համար էլ հանգիստ եմ այնքանով, որ նրանք հաստատ այլևս այն վիճակում չեն, ինչ վիճակով սկզբում եկել էին յոգայի: Յոգան գիտություն է ամբողջ կյանքի համար: Այն մարդու սրտի ու մտքի մեջ է: Եթե մարդու կյանքում մի անգամ հայտնվում է իրական յոգան, այլևս ցմահ դուրս չի գալիս, ներծծվում է բջիջների մեջ: -Ի վերջո, ի՞նչ է յոգան, և ո՞վ է յոգը: -Յոգան կապն է վերևի հետ: Յուրաքանչյուրի ներսում կա վերևի հետ կապի կարիք, պարզապես ամեն մարդ ունի հոգևոր զարգացման իր մակարդակը: Եվ ըստ դրա էլ՝ տվյալ անձը գտնում է իր ճանապարհը: Վերևի տիեզերական էներգիան, ըստ յոգայի, ունի բարձրագույն վիբրացիաներ, որոնց հետ կապի մեջ ես մտնում: Եթե դու ապրում ես կեղտոտված մարմնով, մտքերով ու հոգով, այդ վիբրացիոն հարթությունից չես կարող օգտվել: Պիտի այնքան մաքրես ներսդ, որ ինքնըստինքյան հասնես այն ամենին, որ մի օր աչքերդ փակես ու զգաս՝ ինչքան երջանիկ ես: Յոգը նա է, ով գրեթե հարյուր տոկոսով իր կյանքի տերն է, որովհետև յոգան թույլ է տալիս հասկանալ իրերի պատճառահետևանքային կապը: Մեր աշխարհում ամեն ինչ ունի պատճառ և հետևանք: Եթե չկա պատճառ, չի լինում հետևանք: Եթե դու հասկացել ես դա, և մնացյալ կյանքդ ապրելու ես այնպես, որ պատճառահետևանքային կապերդ լինեն ճիշտ, մաքուր, բնականաբար, դու արդեն յոգ ես: -Յոգայով զբաղվելն արդյոք նշանակու՞մ է մերժել քրիստոնեությունը: -Բացառապես: Յոգայի մեջ ոչ մի վատ բան չկա և կրոնի հետ էլ կապ չունի: Ցանկացած կրոնական պատկանելության անձ կարող է զբաղվել յոգայով և շարունակել պաշտել իր աստծուն: Շատ եմ ուզում, որ մարդկանց մոտ այդ կարծրատիպը կոտրվի, որովհետև շատերն են ցանկանում հաճախել յոգայի, բայց վախենում են հենց այդ ամենից: Յոգան օգնում է ապրել առողջ և ունենալ տիեզերական մտածողություն: Յոգայով զբաղվող մարդու համար չկան լավ ու վատ կրոններ, բոլորը հավասար են: -Ամենաանփոխարինելի խորհուրդները, որ տալիս եք Ձեր սաներին: -Յոգան երկկողմանի աշխատանք է, որ բացառապես հաջողվում է այն ժամանակ, երբ սանդ հավատում է քեզ, սիրում, նվիրվում, ինչպես դու ես իրեն նվիրվել: Իմ ամենակարևոր խորհուդն է՝ չշեղվել լույսի ճանապարհից, որովհետև երբ սկսում ես զբաղվել յոգայով, բոլոր կողմերից սկսում են քարկոծել: Բայց եթե յոգան քոնն է ներսում, և դու կայացած մարդ ես, չես շեղվի ընտրածդ ճանապարհից: Ինքն իրեն երջանիկ համարող մարդը կարող է լուսաբացն ընդունել որպես նվեր և ուրախանալ դրանով: Կյանքի իմաստը ոչ թե նյութի, այլ հոգու մեջ է, սիրո: -Ինչպե՞ս եք այս տարի նշելու Յոգայի միջազգային օրը: -Հունիսի 21-ին Սատտվա Յոգա Ստուդիոն կազմակերպելու է դասընթաց՝ ժամը 12-ին, անվճար: Լինելու է յոգայի դաս, և մասնակցելու են յոգային ծանոթանալու ցանկություն ունեցող մարդիկ: Դասը կտևի մեկ ժամ: Նաև որոշել եմ ՖԲ էջի հետևորդներիս հետաքրքիր գրառում նվիրել՝ տալով արժեքավոր խորհուրդներ: -Տիկին Բաղդասարյան, ինչպե՞ս կամփոփեք զրույցը: -Կցանկանամ՝ յոգան ամբողջ աշխարհում այնքան տարածում գտնի, որ մարդիկ գտնեն իրենք իրենց, որ ցրվի խավարը, և բոլորս մի քիչ ավելի լավը դառնանք, մի քիչ ավելի լուսավոր…

Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: