Գլխավոր Նորություններ Քննարկում ենք մերձեցման երեկո կազմակերպելու հարցը. Ռուբինյանը տեխնիկական պատճառով է դեմ քվեարկել...

Քննարկում ենք մերձեցման երեկո կազմակերպելու հարցը. Ռուբինյանը տեխնիկական պատճառով է դեմ քվեարկել Ռուսաստանին

86

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ տեխնիկական պատճառով է դեմ քվեարկել, որպեսզի Ռուսաստանը վերադառնա ԵԽԽՎ աշխատանքներին:

«Ստրասբուրգում հայկական պատվիրակության անունից ողջունեցի վեհաժողով վերադարձած ռուսական պատվիրակությանը և վերջինիս ղեկավար Պյոտր Տոլստոյին։ Ուրախ էի կրկին հանդիպել նաև ՌԴ խորհրդարանի մեր գործընկեր հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովին, որը նույնպես պատվիրակության անդամ է», – Facebook-ի իր էջում գրել է Ռուբինյանը:

Նա տեղեկացրել է, որ երեկ տեղի ունեցած քվեարկության ժամանակ իր քվեն տեխնիկական պատճառով գրանցվել էր դեմ և ոչ թե կողմ:

«Այդ առնչությամբ այսօր հայտարություն արեցի ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ և հայտարարությունս կցվեց նիստի արձանագրությանը։ Ի հեճուկս որոշ չարագուշակների, մեր և մեր ռուս գործընկերների միջև բացարձակապես ոչ մի խնդիր չի առաջացել, քննարկում ենք մերձեցման երեկո կազմակերպելու հարցը», – նշել է Ռուբինյանը:

Նշենք, որ երեկ Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը դեմ էր քվեարկել բանաձևին։ Պատգամավոր Հովհաննես Իգիթյանը չի մասնակցել քվեարկությանը։ Կողմ են քվեարկել պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Էդմոն Մարուքյանը: