Գլխավոր Նորություններ Դավիթ Սանասարյանի կինը պաշտոնատար անձանց մեղադրում է անմեղության կանխավարկածը խախտելու համար

Դավիթ Սանասարյանի կինը պաշտոնատար անձանց մեղադրում է անմեղության կանխավարկածը խախտելու համար

132

Դավիթ Սանասարյանի կինը պաշտոնատար անձանց մեղադրում է անմեղության կանխավարկածը խախտելու համար

Մեղադրյալի կարգավիճակում գտնվող Դավիթ Սանասարյանի կինը՝ Սոնա Հովհաննիսյանն ակտիվորեն արձագանքում էպատգամավորների կողմից հնչեցրած այն հայտարարություններին, թե գործը շինծու լինել չի կարող։

«Անմեղության կանխավարկած

Մի փոքր անդրադարձ մամուլում պտտվող իմ գրառումների մասին։ Քանի դեռ որոշ պաշտոնատար անձիք շարունակում են խախտել անմեղության կանխավարկածը և անուղղակի կերպով մեղադրում Դավիթ Սանասարյանին ես շարունակելու եմ պատասխանել նմանատիպ գրառումներով։

Ու թող այսօր Դավիթին չակերտավոր ընկեր համարողները հիշեն, թե ինչպես էր իրենց ընկեր Դավիթը իր ֆեյսբուքյան էջում անդրադառնում նրանց հաշվին հնչեցված բացասական կարծիքներին, ինչպես էր բարձրացնում նրանց հասարակության աչքերում։
Այ այսպիսի պահվածքն է խոսում ընկերության մասին, ոչ թե …»։

Այսօր Դավիթ Սանասարյանի մասին խոսելիս ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել էր. «Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է, բայց դա որևէ կապ չունի նոր Հայաստանում որևէ մեկի ընկերը լինել կամ չլինելը, դա որևէ ազդեցություն չի կարող ունենալ քննության վրա»։

ԱԺ փոխանախագահ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարել է. «Այսօր Հայաստանում ունենք իրավապահ մարմիններ, որին վստահում են բոլորը: Ես վստահ եմ, որ իմ ընկեր Դավիթ Սանասարյանը, եթե որևիցե բանի հետ կապված սխալ չի գործել, որևէ խնդիր չի լինի»։

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասը սահմանում է.
«Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով»։

Սանասարյանն այդ մեղադրանքը շինծու է որակել։