Գլխավոր Նորություններ Պարզվում են Նոր Նորքի 5-րդ զանգվածում 46-ամյա տղամարդու սպանության հանգամանքները

Պարզվում են Նոր Նորքի 5-րդ զանգվածում 46-ամյա տղամարդու սպանության հանգամանքները

905

ՀՀ  քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 1973  թվականին ծնված տղամարդու  սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ, տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Նախնական տվյալներով՝  հուլիսի 2-ին՝ ժամը 23:10 -ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» -ից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ  հրազենային վնասվածքով իրենց մոտ է բերվել 1973 թվականին ծնված Անդրանիկ Հ-ի դիակը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի  հատկանիշներով: 

Ձեռնարկված անհետաձգելի քննչական-օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել  է, որ 1973 թվականին ծնված տղամարդը հրազենային վնասվածք է ստացել Նոր Նորքի 5 զանգվածի շենքերից մեկի բակում:

Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են պարկուճներ, 1  փամփուշտ, արնանման հետքեր, վերցվել նմուշներ: Առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի գործողություններ՝ սպանության բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին ( անձանց ) հայտնաբերելու և նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ: