Գլխավոր Նորություններ Գողական աշխարհում իրավիճա՞կ է փոխվել. ո՞վ շուտ կգտնի Մասիվցի Անդիկին սպանողին

Գողական աշխարհում իրավիճա՞կ է փոխվել. ո՞վ շուտ կգտնի Մասիվցի Անդիկին սպանողին

2265

Hayeli.am-ը գրում է.Աշխարհը զարգանում է, և դրան զուգահեռ՝ կատարելագործվում են նաև հանցագործները, հանցագործ աշխարհը նույնպես փոփոխության է ենթարկվում:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ մեկնաբանելով «Օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի (Մասիվցի Անդիկ)՝ մի քանի օր առաջ երևանյան բակերից մեկում կատարված սպանությունը: Նրա խոսքով՝ իրավապահ մարմինները, համապատասխան վերլուծություններ կատարելով, փորձում են իրենց գործողությունները համապատասխանեցնել արդի պայմաններին: «Դրանով է պայմանավորված, որ ներկայումս քննարկվում է, այսպես ասած, օրենքով գողերին վերաբերող նոր օրենսդրական նախաձեռնություն: Հանցավորության դեմ պայքարը քարացած չէ: Կյանքը զարգանում է, հանցագործները նույնպես կատարելագործվում են, և նրանց դեմ պայքարն էլ պիտի լինի համահունչ և առավել արդյունավետ»,- ասել է Ահարոնյանը:
Աշխարհն, իհարկե, վաղուց է զարգացել և ոստիկանության կողմից հանցավորության կանխարգելման և բացահայտման աշխատանքները պետք է որ վաղուց համապատասխանեցված լինեին զարգացող աշխարհի պայմաններին: «Օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի (Մասիվցի Անդիկ) սպանության վերաբերյալ համացանցում տեսանյութեր են պտտվում, և անգամ այն փաստը, որ սպանությունը նկարահանվում է, չի խանգարել հանցագործներին իրականացնել իրենց մտադրությունը: Իրականում սա իրավապահներին ուղղված շատ լուրջ մարտահրավեր է, որովհետև եթե ոստիկանությունը շատ արագ չկարողանա գտնել սպանությունը կատարողին, կնշանակի, հանցագործներն այլևս որևէ տեսախցիկի առկայությունից չեն վախենալու: Բնականաբար այժմ սպանություն կատարողին փնտրում են ոչ միայն իրավապահները, այլ նաև գողական աշխարհի ներկայացուցիչները, որպեսզի իրենց «կանոններով ու օրենքներով» դատաստան տեսնեն:
Եթե գողական աշխարհն ավելի շուտ հայտնաբերի Մասիվցի Անդիկի սպանության հեղինակին, քան ոստիկանները, ապա պատկան մարմինները թերևս ստիպված են լինելու ընդունել, որ իրենք պարտվեցին գողական աշխարհի հետ մրցակցության մեջ: Նկարահանված կադրերը հանցագործի անձի նույնականացման ամենակարևոր փաստերն են, և եթե անգամ տեսանյութը բավարար չէ գոնե կրակողի անձի նույնականացման համար, կնշանակի ոստիկանությունն իսկապես քարացած մեթոդներով է աշխատում: Մամուլում արդեն տեղեկություններ են հայտնվել, որ սպանված Անդրանիկ Հարությունյանը դեռ 2016թ. հանդիմանել է քրեական հեղինակություն Զապ Լենինականցուն՝ այդ ժամանակվա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ կապերի համար։ Ըստ ԶԼՄ հրապարակումների՝ նրա համար անընդունելի են եղել պետական պաշտոնյաների հետ գողականների կապերը, և այդ հողի վրա նոր սերնդի քրեական հեղինակությունների հետ հաճախ տարաձայնություններ է ունեցել։
Ըստ ԶԼՄ-ների՝ սպանված Անդրանիկ Հարությունյանը առաջին անգամ բանտում է հայտնվել պատանեկան տարիներին։ Ընդհանուր առմամբ 14 տարի է անցկացրել բանտում։ 1994–2004 թթ. գտնվել է Ռուսաստանում, հիմնականում` Մոսկվայում։ Զբաղվել է բնակարանային գողություններով, գողությամբ, խարդախությամբ, թմրանյութերով։ Իր ենթակայության տակ ունեցել է հանցավոր խմբեր: Հարությունյանը դատապարտվել է թմրանյութեր պահելու և օգտագործելու համար։ Ազատ արձակվելուց հետո՝ 2004թ., նա արտաքսվել է Ռուսաստանից և բնակություն հաստատել Հայաստանում՝ Նորքի 5–րդ զանգվածում:

«Օրենքով գող» է թագադրվել Ռուսաստանում 90–ականներին՝ երկու հայ և երկու վրացի «օրենքով գողերի» կողմից, ովքեր հարել են Դեդ Հասանի կլանին: