Գլխավոր Նորություններ Մասիվցի Անդիկի սպանության գործով «օրենքով գողեր» են բերման ենթարկվել

Մասիվցի Անդիկի սպանության գործով «օրենքով գողեր» են բերման ենթարկվել

569

«ՀԺ»-ի տեղեկություններով, «օրենքով գող» մասիվցի Անդիկ մականունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանության գործով Հայաստանում գտնվող «օրենքով գողեր» են բերման ենթարկվել:

ՀՀ ոստիկանությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ ոստիկանությունը մշտապես նմանատիպ օպերատիվ աշխատանքներ իրականացնում է, որոնց մեծ մասը հրապարակման ենթակա չէ:

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի գիշերը Նոր Նորքում սպանվել էր «օրենքով գող» 46-ամյա Անդրանիկ Հարությունյանը: Դեպքից հետո համացանցում հայտնվեց սպանության տեսագրությունը, որտեղ երեւում է, թե ինչպես է մի տղամարդ կրակում Նոր Նորքի իր տան բակի տաղավարում գտնվող Անդրանիկ Հարությունյանի ուղղությամբ: Դեպքի պահին Անդրանիկ Հարությունյանի հետ եւս 3 անձ է եղել: Հարությունյանի դիակի վրա առկա է 4 հրազենային վնասվածք, որոնցից մեկը՝ դեմքին։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք–զինամթերք պահելը) հատկանիշներով:

Նշենք, որ մինչ այս պահը իրավապահներին չի հաջողվել պարզել սպանության շարժառիթը եւ հայտնաբերել սպանությունը կատարողին։