Գլխավոր Նորություններ Երեւանի 34-ամյա բնակչուհին սոցցանցով ծանոթացել է տղամարդու հետ ու գումար շորթել՝ օգտագործելով...

Երեւանի 34-ամյա բնակչուհին սոցցանցով ծանոթացել է տղամարդու հետ ու գումար շորթել՝ օգտագործելով մորը

121

34-ամյա կինը սոցցանցում ծանոթացել է մի տղամարդու հետ, ներբեռնել նրա նկարներն ու շանտաժի ենթարկելով գումար շորթել ։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատարանը  հիմնավորված է համարել նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքն ու նրան դատապարտել երկու ամսվա կալանքի։

Քրեական գործի տվյալների համաձայն՝ ծանոթությունը տեղի է ունեցել 2018 թվականի ամռանը, իսկ շորթումը՝ Ամանորին։

Երիտասարդ կինը, որն ամուսնալուծված է եւ աշխատում է որպես մատուցողուհի, «Համադասարանցիներ» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է Երեւանի մի բնակչի հետ, նրանք սկսել են հաղորդակցվել հետագայում նաեւ  բջջային կապի տարբեր հավելվածների միջոցով։ Ինչպես դատարանում պատմել  է տուժողը՝ առաջարկել է հանդիպել, ինչը աղջիկը չի մերժել ու գումար է ուզել տարբեր պատճառաբանություններով։ Տղամարդը նրան երկու անգամ գումար է վճարել՝ մի անգամ 5,մեկ ուրիշ անգամ 15 հազար դրամ։ Սակայն հետագայում կինը հրաժարվել է հանդիպել, եւ շփումներն ավարտվել են։ Դրանք վերսկսվել են 2018 թվականի դեկտեմբերի 31-ին՝ արդեն շորթման եղանակով։

2018թվ. դեկտեմբերի 31-ին 34-ամյա կինը  տղամարդու  «Վայբեր» հավելվածին ուղարկել է վերջինիս լուսանկարները՝ անվայել արտահայտություններով ու հայտնել, որ նրա անունով կայքէջ է բացել։ Նախ` չի հավատացել ու որոնել է անձամբ եւ համոզվելով, որ սոցցանցում իրոք նման էջ բացվել է, պահանջել է, որ  ջնջի այն։ Ծանոթուհին դրա դիմաց  40.000 ՀՀ դրամ գումար է պահանջել, ինչին տղամարդը համաձայնվել է։ 2019թ. հունվարի 05-ին՝  ժամը 12։00-ի սահմաններում,  նախապես պայմանավորված վայրում՝ «Ավանի լճի» մոտ, վերջինս  հանդիպել է վիրտուալ կողմից ուղարկված մարդու հետ, որը, ինչպես հետագայում պարզվել է, եղել է նրա մայրը ու փոխանցել գումարը, ապա լիցքավորել նաեւ ծանոթուհու բջջային հեռախոսահամարը՝ 2000 դրամով, որպեսզի նա կարողանա ջնջել  բացված էջը։

Սակայն սրանով ամեն ինչ չի սահմանափակվել։ Թերևս, հաջող գործարքից ոգեւորված  հաջորդ օրը՝ 2019թվ. հունվարի 06-ին ծանոթուհին նորից հիշեցրել է իր մասին եւ «Վայբեր» հավելվածի միջոցով կրկին հաղորդագրություն ուղարկել՝ պահանջելով  30.000 դրամ։ Տուժողը պատմեց, որ այդ անգամ  հրաժարվել է տալ, որից հետո իրեն է ուղարկել «Ինստագրամ» կայք էջի իր լուսանկարով ու անվայել արտահայտություններով լուսանկար ու ասել, որ եթե 60.000 ՀՀ դրամ չտա ինքը կհրապարակի այդ լուսանկարը։ Իսկ, երբ  պահանջել է անհապաղ ջնջել այն, այլապես կդիմի ոստիկանություն՝ ծանոթուհին սպառնացել է, որ ոստիկանությունում շառ կանի ու տղամարդը բանտում կհայտնվի։  Հասկանալով, որ նա իրեն հանգիստ չի թողնելու՝ տղամարդը  կատարվածի մասին տեղեկացրել է ոստիկանությանը և դրանից հետո ձեռք բերված պայմանավորվածության համաձայն նույն վայրում հանդիպել է ծանոթուհու ուղարկած կնոջ հետ՝ գումարը փոխանցելու համար, որի ժամանակ էլ վերջինս բերման է ենթարկվել ոստիկանների կողմից։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ եւ 34-ամյա կնոջը  մեղադրանք է առաջադրվել տղամարդուց շորթում կատարելու համար՝ երկու դրվագով, եւ մայիսին քրեական գործն ուղարկել դատարան։

Դատարանը՝ Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, շուրջ 1 ամիս տեւած նախաքննության արդյունքում  հիմնավորված է համարել առաջադրված մեղադրանքը ու նրան դատապարտել ազատազրկման՝ կալանքի, 2 ամիս ժամկետով։

Ամբաստանյալը վերաքննիչ  բողոք է ներկայացրել դատավճռի դեմ՝ խնդրելով իր նկատմամբ նշանակել ազատությունից զրկելու հետ չկապված մեղմ պատիժ` տուգանք կամ  կալանքը պայմանականորեն չկիրառել :