Գլխավոր Նորություններ «Առայժմ կարգավիճակ չունեմ». Դավիթ Գրիգորյանին խուզարկել են պաշտոնեական կեղծիքի փաստի առթիվ հարուցված...

«Առայժմ կարգավիճակ չունեմ». Դավիթ Գրիգորյանին խուզարկել են պաշտոնեական կեղծիքի փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում

120

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկությունը կատարվել է պաշտոնեական կեղծիքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց հենց ինքը՝ դատավորը։

«Քրեական գործը, որի շրջանակներում կատարվել է խուզարկությունը, որևէ կապ չունի Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործի հետ։ Դա մեկ այլ գործ է։ Կարող եմ ընդամենը մեկ բան ասել, որ դա այլ գործ է, որը հարուցվել է պաշտոնեական կեղծիքի փաստի առթիվ», – մեզ հետ զրույցում ասաց դատավորը։

Հարցին, թե ի՞նչ կարգավիճակ ունի նա այդ քրեական գործով, Գրիգորյանը պատասխանեց. «Առայժմ ոչ մի կարգավիճակ չունեմ»։

Հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով արդյոք այս խուզարկությունը և ընդհանրապես, հարուցված քրեական գործը որևէ առնչություն կարո՞ղ է ունենալ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով իր որոշման հետ, դատավորը պատասխանեց. «Կարծում եմ՝ բոլորին էլ պարզ է»։

Ավելի վաղ Aysor.am-ին ՀՔԾ մամուլի խոսնակը տեղեկացրել էր, որ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկությունը կատարվել էր ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, սակայն չէր հստակեցրել, թե ի՞նչ քրեական գործի մասին է խոսքը։