Գլխավոր Նորություններ Շիրակցի արտադրողները վարչապետին առաջարկեցին Գյումրիի օդանավակայանից բեռնափոխադրում իրականացնել. Փաշինյանը խոստացավ օգնել

Շիրակցի արտադրողները վարչապետին առաջարկեցին Գյումրիի օդանավակայանից բեռնափոխադրում իրականացնել. Փաշինյանը խոստացավ օգնել

74

«Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովի շրջանակներում Գյումրու կենտրոնական հատվածում տեղադրվել են տաղավարներ, որտեղ շիրակցի գործարարները ներկայացնում են մարզի բերք ու բարիքը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջում է տաղավարից տաղավար, ինչպես նախկինում եղել է մյուս մարզերի դեպքում, հետաքրքրվում բիզնեսի աճի տեմպերից և միաժամանակ օգտվում այդ բարիքներից։

Բիզնեսի զարգացումների մասին տեղեկանալուն զուգահեռ նա բոլոր արտադրողներին հորդորում է շեշտը դնել արտադրանքի արտահանման վրա։

Ուշագրավ է, որ այս անգամ վարչապետը քիչ է օգտվում տաղավարներում ցուցադրվող մթերքներից. տաղավարներից մեկում նա չրահաց համտեսեց, իսկ ֆրանսիական խոհանոցը ներկայացնող տաղավարում նա միայն սուրճ վերցրեց։ Երբ նրան հորդորեցին օգտվել, որովհետև «շատ լավ մասնագետներ» են պատրաստում հրուշակեղենը, վարչապետը արձագանքեց. «Շատ տպավորիչ է, գայթակղիչ է, բայց չեմ ուտելու, որովհետև …լավ, ամենադիետիկը տվեք»։

Վարչապետը Շիրակի մարզի թեթև արդյունաբերությունը ներկայացնող տաղավարներից մեկում տեղեկացավ, որ ապրանքը արտահանում են ԱՄՆ, Կանադա և հորդորեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին հորդորեց հետևել, որ ընկերությունները խնդիրներ չունենան։

Ելակները ներկայացնող տաղավարում արտադրողները վարչապետին տեղեկացրին, որ արտադրանքի մեծ աճ ունեն, ճիշտ է արտահանում են, բայց դժգոհեցին Լարսում մերթընդմերթ առաջացող խնդիրներից։ Արտադրողները վարչապետին առաջարկեցին Գյումրիի օդանավակայանում բեռնափոխադրման հնարավորություն ստեղծել։ «Դուք առաջարկությունների փաթեթը պատրաստեք, Էռնեկյանը սեպտեմբերին գալու է Հայաստան, կքննարկենք։ Կարծում եմ խնդիրներ չեն լինի։ Դուք միայն առաջարկությունները պատրաստեք», -արտադրողներին խոստացավ վարչապետը։

Սա 6-րդ նման համաժողովն է: Մինչ այդ նման համաժողովներ են անցկացվել Արարատի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի մարզերում: