Գլխավոր Նորություններ Գերմանիան դեմ է Ռուսաստանի՝ G7-ի կազմ վերադառնալուն

Գերմանիան դեմ է Ռուսաստանի՝ G7-ի կազմ վերադառնալուն

135

Գերմանիայի կառավարությունը դեմ է հանդես եկել Ռուսաստանի՝ «Մեծ յոթնյակի» (G7) կազմ վերադառնալուն: Ինչպես գրում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը:

Խոսնակը հիշեցրել է, որ Ռուսաստանը բացառվել է աշխարհի՝ տնտեսապես ամենազարգացած երկրների խմբից Ղրիմի բռնակցման համար, ինչը միջազգային իրավունքի խախտում է և ապակայունացրել է իրավիճակն Ուկրաինայի արևելյան հատվածում:

Զայբերգի խոսքով՝ հենց Ղրիմի բռնակցման և Ուկրաինայում ապակայունացման ուղղությամբ որևէ փոփոխություն գրանցվի, հնարավոր կլինի քննարկել Ռուսաստանի ներգրավման հարցը:

Նախօրեին լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը միակարծիք են 2020թ.-ին Ռուսաստանի՝ G7-ի կազմ վերադառնալու անհրաժեշտության հարցում:

Թրամփը, ըստ երևույթին, G7 գագաթնաժողովի շրջանակում, որը տեղի կունենա այս հանգստյան օրերին Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Բիարից քաղաքում, այս թեմայով զրույցներ կունենա նաև համաշխարհային մյուս առաջնորդների հետ:

Հիշեցնենք, որ Սպիտակ տան ղեկավարը նման առաջարկով հանդես էր եկել անցած տարի Կանադայում՝ G7-ի գագաթնաժողովին, սակայն խմբի կազմի մեջ մտնող եվրոպական երկրները միաձայն դեմ էին արտահայտվել Ռուսաստանի վերադարձին: