Գլխավոր Շոուբիզնես ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Լուսինե Թովմասյանը` երկրորդ հղիության, զգացողությունների ու դստեր արձագանքի մասին

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Լուսինե Թովմասյանը` երկրորդ հղիության, զգացողությունների ու դստեր արձագանքի մասին

280

Երկրորդ անգամ մայր դառնալուն պատրաստվող Լուսինե Թովմասյանն Ինստագրամում պարբերաբար կիսվում է գեղեցիկ կարգավիճակի մասին հրապարակումներով։ Tert.am Life-ը զրուցել է  «Միսս Հայաստան 2003», «Վիցե Միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանի հետ՝ երկրորդ անգամ մայրանալու, զգացողությունների և ընտանիքի համալրմանն առաջնեկի՝ Արիանայի վերաբերմունքի մասին։

Լուսինեի խոսքով` ինքն ու ամուսինը սկսել են մտածել երկրորդ բալիկ ունենալու մասին, երբ Արիանան ինքն է խնդրել քույրիկ կամ եղբայր ունենալ։

«Բավականին երկար էի մտածում, թե Արիանան ինչպես կընդունի, ինչ արձագանք կտա ընտանիքի համալրմանը։ Աղջիկս արդեն չորսուկես տարեկան է, կարծում եմ, դա շատ ճիշտ տարիքային տարբերություն է երեխաների միջև։  Ասում են, տղա երեխաներն ավելի կտրուկ ու կոպիտ են ընտանիքի համալրման հարցերում։ Արիանայի՝ դրական վերաբերմունքը, գուցե, կախված է նաև այն բանից, որ ինքն աղջիկ է և արդեն տրամադրված է, որ ինքն է խնամելու փոքրիկին։ Անչափ հոգատար է, ամեն վայրկյան խոսում է այս մասին, հիշում, մտածում, պատկերցնում, թե ինչ է անելու, երբ երեխան ծնվի։ Անհամբերությամբ սպասում է, տրամադրվածությունն էլ շատ դրական ու բարի է»,- ասաց Լուսինեն ու ավելացրեց, որ դստեր հետ հոգեբանական որևէ աշխատանք տանելու կարիք չի եղել։

Արդեն չորս տարվա  փորձառու մայրիկն այս անգամ բալիկի համար գնումներն ավելի ուշ է սկսելու՝ նախատեսում է պատրաստվել մեկ ամսից։ «Ի տարբերություն առաջին հղիությանը՝ այս անգամ նման թեմաներով ավելի հանգիստ եմ, գնումները, երևի, ավելի ուշ կսկսեմ։ Բալիկին դիմավորելու համար դեռ բավականին ժամանակ կա, կհասցնեմ պարաստվել։ Խնամքի կամ ժամանակի սղության հետ կապված մտորումներ չկան, ինքս էլ դեռ չեմ պատկերացնում, որ տանը երկու երեխա է լինելու»,- ծիծաղելով ասաց Լուսինեն։

Մոդելի խոսքով` այս ընթացքում իր զգացողություններն ամբողջությամբ նույնն են, ինչպես առաջին հղիության դեպքում էր։ Նույն կերպ սպասում է և նույն կերպ անհամբեր է. «Մտածում ենք` ինչպիսի՞ն է նա լինելու, ո՞ւմ  է նման լինելու։ Սրանք էմոցիաներ են, որոնք նույնությամբ եղել են առաջին բալիկին սպասելու ժամանակ։ Հիմա էլ արդեն մտածում եմ, թե երկրորդ անգամ ինչպիսի երեխա կարող է ծնվել ինձանից,  որովհետև առաջինը նույնպես չէի կարողանում պատկերացնել։ Բոլոր զգացողությունները նույնությամբ կան»։

Անդրադառնալով բալիկի սեռին` Լուսինեն նշեց, որ դեռ իրենք էլ չգիտեն Արիանային եղբա՞յր, թե՞ քույրիկ են պարգևելու։ «Բալիկի սեռը դեռ մենք էլ չգիտենք։ Իհարկե, այնքան համբերություն չունեմ, որ մինչև ծնվելը սպասեմ, շատ շուտով, անպայման, կիմանանք։ Նախապատվություն կամ սեռի հետ կապված խտրականություն չունենք։ Մենք էլ նախապես չենք մտածել, չենք որոշել, թե ինչ սեռի երեխա ենք ուզում ունենալ»,– ասաց նա։

Չնայած հայրիկներն ավելի կապված են լինում դուստրերի հետ, շատ հաճախ ցանկությունը մեծ է լինում ընտանիքում տեսնել նաև արու զավակի։ Մոդելից հետաքրքրվեցինք, թե ինչ տրամադրվածություն ունի ամուսինը՝ Արթուրը․ «Առաջին հղիության ժամանակ ինձ մոտ կար նախապատվություն, ուզում էի, անպայման, դուստր ունենալ։ Կարծում եմ` յուրաքանչյուր կին է այդպես ուզում։ Դա նշանակում է, որ ուզում ենք մեր շարունակությունն ու տեսակը տեսնել՝ հասկանալ, թե ինչպիսին է լինելու մեր փոքր տեսակը։ Տղամարդկանց՝ որդի ունենալու ցանկությունն էլ, կարծում եմ,  նույն սկզբունքով է։ Երևի, չկա այնպիսի տղամարդ, որը չցանկանա իր փոքրիկ տեսակին տեսնել, ես էլ, իհարկե հասկանում եմ նրան։ Ինչպես ես էի ցանկանում դուստր ունենալ, այնպես էլ ամուսինս ուղում է որդի ունենալ, բայց խտրականություն դնել, մտածված կամ հաշվարկներով հղիանալ մեր դեպքում չի եղել։ Բալիկը՝ բալիկ է, ինչ սեռի ուզում է, թող ծնվի»։