Գլխավոր Նորություններ Չպետք է մշակութային օջախներին դնենք այն վիճակում, որ ծուռ վզով գնան տարբեր...

Չպետք է մշակութային օջախներին դնենք այն վիճակում, որ ծուռ վզով գնան տարբեր բարեգործական կազմակերպությունների մոտ, թե՝ «փող տվեք». Փաշինյան

70

Կառավարությունն այսօրվա նիստում 57 մլն 762 հազար դրամ հատկացրեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ «Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ ստեղծագործական, վարչական և սպասարկող անձնակազմերին լրավճարի հատկացման նպատակով:

Ինչպես նիստի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, մինչև 2018 թվականը լրավճարներն իրականացվել են «Լույս» հիմնադրամի միջոցներից, իսկ նախորդ տարի իրականացրել է Մշակույթի նախարարությունն, ապա՝ «Իմ քայլը»  հիմնադրամը:

«Գաղափարական և սկզբունքային հարց կա, քանի որ ասում ենք ՀՀ պետական ազգային ակադեմիական երգչախումբ, անհասկանալի է, թե ինչու այն պետք է ֆինանսավորվի անհատների, բարեգործների կողմից», – ասաց կառավարության ղեկավարը:

«Իմ եզրակացությունն այսպիսինն է․ մենք արվեստին և մշակույթին պետք է նայենք որպես մեր տնտեսության ճյուղերից մեկը, իմ ընկալմամբ՝ դա տնտեսության ճյուղ է, որին պետությունն ինչ-որ առումով ֆինանսավորում է և պետք է հասկանանք, թե դրա արդյունքում ինչ ենք ստանում», – նկատեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի համոզմամբ՝ այս ոլորտում հարկավոր է հստակ խնդիր դնել՝ մեծացնել թանգարանների, կոլեկտիվների, թատրոնների եկամուտները:

«Սա չի նշանակում, որ պետք է իրենք շահութաբեր լինեն, թեև դա էլ ինչ-որ պահի պետք է դառնա խոսակցության նյութ, մենք ասում ենք, որ պետք է եկամուտներն ավելանան», – ասաց նա:

Արայիկ Հարությունյանն իր հերթին նշեց, որ փոխվելու է նաև դրամաշնորհներ տրամադրելու կոնցեպտը:

Այնուհետև գործադիրի ղեկավարը տեղեկացրեց, որ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով թանգարան այցելուների թիվը աճել է 31 տոկոսով, թատրոնների այցելուների թիվը՝ 41 տոկոսով:

«Այս թվերը ցույց են տալիս մի կարևոր բան․ Հայաստանի կառավարության և հանրության մեջ կա երկխոսություն, այդ երկխոսությունը տեղի է ունեցել և տեղի է ունենում, բոլոր ցուցանիշները, որ ունենք, այդ երկխոսության արդյունքն են: Մեր երկրում պետք է բացառել այնպիսի թանգարանների գոյությունը, որտեղ մարդ չի մտնում: Ես համոզվել եմ, որ մեր երկրում կան թանգարաններ, որոնք ճիշտ ներկայացնելու դեպքում այցելուների կիլոմետրերով հերթեր կառաջանան՝ և՛ Գյումրիում, և՛ Երևանում», – ասաց նա:

Վարչապետն միաժամանակ շեշտեց, եթե կա մի թանգարան որի ղեկավարությունը խնդիրը չի կարողանում լուծել, պետք է փոխել ղեկավարությանը:

«Պարապությունը որևէ ոլորտից պետք է բացառել, որտեղ պարապ մարդ տեսանք, պետք է ուղարկենք տուն՝ հանգստանալու։ Մենք չպետք է մեր երկրի կարևորագույն մշակութային օջախներին դնենք այն վիճակում, որ, ներողություն, ծուռ վզով գնան տարբեր բարեգործական կազմակերպությունների մոտ, թե փող տվեք որ գոյատևենք», – ասաց նա: