Գլխավոր Նորություններ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների համաժողովի մասնակիցներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների համաժողովի մասնակիցներին

60

Օգոստոսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցներին՝ առաջնորդությամբ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի:

Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց համաժողովի աշխատանքների ընթացքը` անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին: Պրն. Մնացականյանը մասնավորապես նշեց, որ որդեգրված արտաքին քաղաքականության սկզբունքների հիմքում ընկած են ազգային արժեքներն ու արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքները: Այս ենթատեքստում նախարարը հատուկ անդրադարձավ նաև  Հայոց Եկեղեցու դերին` գոհունակությամբ ընդգծելով այն սերտ համագործակցությունը, որ առկա է նախարարությանև Մայր Աթոռի, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և աշխարհասփյուռ եկեղեցական կառույցների միջև:

Այնուհետև դիվանագետներին իր հայրապետական օրհնությունն ու պատգամը փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

«Գոհունակություն է Հայրապետիս համար, որ հերթական անգամ համախմբվել եք  հայրենիքում` քննարկելու մեր երկրի արտաքին քաղաքականության հիմնախնդիրները և ուղենշելու այն ճանապարհները, որոնք առավել արդյունավորությամբ պիտի նպաստեն մեր երկրի զորացմանն ու առաջընթացին:

Մեծ է այն պատասխանատվությունը, որ կրում եք ձեր ուսերին: Ձեզ է վստահված տարբեր երկրներում ու միջազգային հարթակներում մեր երկիրը ներկայացնելու կարևոր առաքելությունը, որն իր արդյունքներով անմիջականորեն առնչվում է Հայաստանի վարկի ու հեղինակության, մեր հայրենիքի անվտանգության, մեր ժողովրդի բարօր ու ապահով կյանքի տեսլականի հետ: Մեծապես գնահատում ենք մեր երկրին ու ժողովրդին մատուցած ձեր նվիրյալ ծառայությունը և բերում ձեզ Մեր օրհնությունը` մաղթելով ուժ, եռանդ և նոր հաջողություններ ձեր հայրենանվեր գործունեության մեջ:

Խիստ խորհրդանշական ենք համարում անցկացվող համաժողովի շրջանակներում ձեր այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ աշխարհասփյուռ մեր ժողովրդի հոգևոր նվիրական կենտրոն: Հայոց Եկեղեցին հոգևոր իր առաքելությանը զուգընթաց շատ հաճախ ստանձնել է նաև քաղաքական պատասխանատվություն մեր ժողովրդի կյանքում: Մեր պատմության ընթացքում թե՜ պետականության գոյության և թե՜ բացակայության  պայմաններում Հայ Եկեղեցին ներգրավված է եղել հայրենիքի առջև ծառացած ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական հիմնախնդիրների լուծման գործում՝ կոչմանը հավատարիմ իր հեղինակությունն ու կարողությունները ծառայեցնելով հայրենիքի և ազգի շահերին: Պատմությունը առատ է վկայություններով, որոնք մեզ են փոխանցում հանուն երկրի ու ժողովրդի ապահովության՝ իրենց անձնուրաց ծառայությունը մատուցած նշանավոր եկեղեցականների անուններ: Մեր եկեղեցու հովանու ներքո է կերտվել ու խնամվել ազատագրական պայքարի ոգին, մարմին առել ազգային իղձերի իրականացման տեսիլքները, սերնդե սերունդ փոխանցվել հայոց անկախ պետականության վերակերտման և ազատատենչության աննկուն կամքը:

Այսօր էլ մեր Եկեղեցին չի կարող անտարբեր և անհաղորդ մնալ մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, որոնք չափազանց մեծ կարևորություն ու ընդգրկում ունեն և պահանջում են առավել մեծ ուշադրություն և ուժերի համախմբում», – նշեց Վեհափառ Հայրապետը: