Գլխավոր Մամուլ Վրաստանի վարչապետի հրաժարականն ինչպես կազդի հայ-վրացական հարաբերությունների վրա

Վրաստանի վարչապետի հրաժարականն ինչպես կազդի հայ-վրացական հարաբերությունների վրա

71

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հրաժարականը սպասելի քայլ էր։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց վրացագետ Ջոն Մելիքյանը։

«Վրաստանի վերջին ներքաղաքական զարգացումների ֆոնի վրա կար կարծիք, որ իշխող թիմն ինչ-որ ձևով ռեբրենդինգ կկատարի և նոր կազմով կպատրաստվի գալիք տարվա պառլամենտական ընտրություններին, և այս տրամաբանության մեջ տեղավորվում է Բախտաձեի հայտարարությունը, որ թողնում է իր պաշտոնը և, մնալով թիմի անդամ, կշարունակի ինչ-որ ձևով իր աշխատանքը, ու հաջողություն է մաղթում նոր վարչապետին»,- ասաց Ջ.Մելիքյանը։

Վրաստանի նոր վարչապետի անունն իշխող «Վրացական երազանքը» կորոշի սեպտեմբերի 3-ին: Ըստ վրացագետի՝ այդ պաշտոնում ամենահավանական թեկնածուն ներքին գործերի նախարար, Անվտանգության խորհրդի քարտուղար Գեորգի Գախարիան է:

Թե ի՞նչ կփոխի Գախարիայի նշանակումը հայ-վրացական հարաբերություններում, Ջ.Մելիքյանը նշեց, որ ընդհանրապես ձևավորված արտաքին քաղաքականությունն ինստիտուցիոնալ բավականին երկար պատմություն ունի Վրաստանում՝ թե՛ Սահակաշվիլիի ժամանակ, թե՛ Սահակաշվիլիից հետո.

«Արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն անփոփոխ են, իսկ եթե մենք այդ տրանզիտը նաև դիտարկենք Սահակաշվիլիի կուսակցությունից դեպի «Վրացական երազանք», որոշ էլեմենտներ փոփոխվեցին, բայց 2012-ից հետո այլ փոփոխություններ չեն եղել։ Նոր վարչապետը կլինի 5-րդը, որ շարունակում է արտաքին քաղաքականության այն օրակարգը, որ կար այն ժամանակ, և որն անփոփոխ է լինելու։ Միակ կարևոր հարցը հայ-վրացական դինամիկայի մեջ այն է, որ ձևավորվեց ոչ ֆորմալ ձևաչափը, երբ վարչապետները երկու անգամ հանդիպեցին, մեկը՝ Հայաստանում, և մյուսը՝ Վրաստանում։ Հույս ունենանք, որ Վրաստանի նոր վարչապետը կշարունակի այդ ավանդույթը, և այդ ոչ ֆորմալ հանդիպումների ֆորմատը շարունակական բնույթ կկրի»։

Ջ.Մելիքյանի դիտարկմամբ՝ Գախարիան դրական է ընկալվում, բավականին փորձառու քաղաքական գործիչ է, եղել է Վրաստանի բիզնես օմբուդսմենը, զբաղվել է անվտանգային հարցերով՝ որպես ՆԳՆ ղեկավար, այսօր էլ՝ որպես ԱԱԽ համակարգող, և դրական ներդրում կունենա հայ-վրացական հարաբերությունների հարցում։

Հարցին, թե ի՞նչ կարող է նա անել Օսիական երկաթուղու բացման հարցում, Ջ.Մելիքյանը պատասխանեց. «Այդ ճանապարհի բացվել-չբացվելն անձերից չի կախված։ Կա իրողություն, որը ստեղծվել է 2008 թ. պատերազմից հետո, ինչը ցույց է տալիս, որ այսօր, Ռուսաստանն ու Վրաստանը չունենալով դիվանագիտական հարաբերություններ, և Վրաստանը չցանկանալով այս պահին ուղիղ բանակցությունների մեջ մտնել Աբխազիայի և Օսիայի հետ, այս ամենը կոմպլեքսային անհնարին է դարձնում ճանապարհի կամ երկաթգծի շահագործումն այդ տարածքում։ Լարսի մեր այլընտրանքը ծովային այլընտրանքն է, և այսօր բավականին լուրջ ենթակառուցվածքների նախագծեր են իրականացվում Եվրասիական բանկի ֆինանսավորմամբ, որը կմեծացնի Լարս տանող ճանապարհի հուսալիությունն ու թույլ կտա մաքսիմալ օգտագործել այդ ուղին, ինչն ամենառեալն է այսօր ՀՀ-ի համար։

Եվ գուցե չարժե հանրային դաշտում դրա մասին խոսել, քանի որ մենք մեզ դարձնում ենք թիրախ ադրբեջանական ինֆորմացիոն գործողությունների, որոնք անմիջապես շարունակվում են հայտարարություններից հետո, որ արվում են Երևանում»։