Գլխավոր Շոուբիզնես «Տարեդարձիս օրը լարված եմ լինում»․ Բոնին՝ 26-ամյակի և իր տարիքից փոքր երևալու...

«Տարեդարձիս օրը լարված եմ լինում»․ Բոնին՝ 26-ամյակի և իր տարիքից փոքր երևալու մասին

148

Հումորային նախագծերից հայտնի Վահե Բեգլարյանը՝ Բոնին,  այսօր նշում է 26-ամյակը։ Tert.am Life-ի հետ զրույցում Վահեն ասաց, որ տարեդարձերն իր համար, գրեթե, միշտ մի քիչ լարված են անցնում։

«Ուրիշների տարեդարձերին ավելի ուրախ եմ լինում, ավելի լավ եմ «տժժում», քան իմ տարեդարձին, որովհետև իմ տարեդարձի օրը լարվածություն եմ ունենում։ Դա պայմանավորված է ուշադրության կենտրոնում լինելով, ամեն ինչ լավ կազմակերպելու ցանկությամբ»,- ասաց նա:

Դերասանի խոսքով՝ հիմնականում ոչինչ չի ծրագրում տարեդարձի օրը, անգամ, եթե նշում է օրը, դա ևս չպլանավորված է ստացվում․ «Հնարավոր է՝ ամբողջ օրն ասեմ, որ չեմ նշելու, բայց երեկոյան ընկերներիս հետ որևէ տեղ գնամ կամ հակառակը՝ ասեմ նշելու եմ, բայց չստացվի։ Հիմա դեռ նկարահանումների եմ, չգիտեմ, թե երեկոյան ինչ եմ անելու, ուր եմ գնալու, հնարավոր է, ընկերներիս հետ ինչ-որ տեղ գնամ»։

Ինչ վերաբերում է նվերներին և իր նախասիրություններին՝ դերասանն ասաց․ «Ինքս էլ չգիտեմ, թե ինչ եմ սիրում, բայց, օրինակ, կցանկանայի հեռախոսի լիցքավորիչ նվեր ստանալ, որովհետև իմն անսարք է, հիմա ամենահարմար նվերը դա կլիներ։ Իրականում հարազատներս գիտեն՝ ինչ նվիրել ինձ»։

Դերասանն ասաց, որ առաջինն իրեն շնորհավորում են ընտանիքի անդամները, հետո ընկերներն ու մյուսները:

Շատերի համար զարմանալի է, որ Վահեն դարձավ 26 տարեկան: Դերասանն այս փաստին հումորով է վերաբերում: «Հիմա մեծ մասն արդեն գիտի տարիքս, հնարավոր է՝ ավելի քիչ զարմանան։ Իրականում, շատ լավ է, երբ զարմանում են՝ իմանալով, որ 26 տարեկան եմ։ 86 տարեկանում կարող եմ  աղջիկների «հետևից վազել», տարիքս չեն էլ կասկածի,- կատակեց դերասանն ու ավելացրեց,- եթե լուրջ, շատ լավ է, որ  հնարավորինս երիտասարդ ես երևում, թարմ ես մնում»։

Վահեն նշեց, որ այս տարիքում անպայման իրականացնելու ցանկությունների ցանկ չունի, քանի որ իր բոլոր նպատակներն ու ցանկությունները կյանքի համար են:

«Կոնկրետ այս տարիքի հետ կապված հստակ նպատակներ չկան, կան կյանքի նպատակներ, որոնք դնում եմ իմ առաջ և փորձում իրագործել։ Չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է ասել այս տարվա համար սա է պետք անել, քանի որ ընթացքում կարող են անկանխատեսելի զարգացումներ լինել։ Պետք է նպատակդ հասկանաս, լինի հարմար պահ և դա իրագործես»,- ասաց նա։

Վահեի խոսքով՝ տարիքն իր համար հարաբերական է․ «Մարդ կա, որը 20 տարեկանում շատ ավելի հասուն է, քան մեկ ուրիշը 30-ում։ Տարիք ասվածը, կարծում եմ, մարդու ներսից է գալիս, թվերի վրա այդքան կենտրոնանալ պետք չէ,- ասաց նա ու կատակեց,- 32-33 տարեկանից հետո, օրինակ, ինձ կարող են ասել՝ տունն ես մնացել»։

tert.am