Գլխավոր Նորություններ Իրանը սպառնում է փակել Հորմուզի նեղուցը

Իրանը սպառնում է փակել Հորմուզի նեղուցը

169

《Ամերիկայի ձայնը》գրում է. ԱՄՆ-ը դադարեցրել է տրամադրել պատժամիջոցներից ազատվելու արտոնություն այն երկրներին, որոնք Իրանից գնում են նավթ: Իրանը փոխարենը սպառնացել է փակել Պարսից ծոցում ռազմավարական Հորմուզի նեղուցը, որը առևտրափոխանակման կարևոր հանգույցներից է Մերձավոր Արևելքում:

ԱՄՆ-ը վերացրեց պատժամիջոցներից ազատվելու արտոնությունները, որի միջոցով մի շարք երկրներ ազատվում էին Իրանի էներգակիրների վրա սահմանված պատժամիջոցներից: Դրա մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ ընդգծելով, որ այդ երկրներին ժամանակ է տրվում՝ Իրանից նավթի ներկրման ծավալը զրոյի հավասարեցնելու համար:

«Այս հայտարարությամբ հստակ ընդգծել ենք մեր նպատակների լրջությունը: Ներկրումը պետք է լինի զրո: Թե որքան այն կպահպանվի զրո մակարդակի վրա, կախված է Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդներից: Մենք հստակեցրել ենք մեր պահանջները այաթոլային և նրա մերձավորներին: Իրանը պետք է հետ կանգնի միջուկային զենք ունենալու մտքից, դադարեցնի բալիստիկ հրթիռների փորձարկումներն ու տարածումը, դադարեցնի ահաբեկչության իրականացումն ու ֆինանսավորումը ու ազատ արձակի ԱՄՆ-ի քաղաքացիներին»,- հայտարարել է Պոմպեոն

Իրանն անմիջապես արձագանքել է՝ սպառնալով ի պատասխան փակել Պարսից ծոցում ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը:

ԱՄՆ-ի որոշմանը դեմ է նաև Թուրքիան: Երկրի արտգործնախարարը թվիթերյան գրառման միջոցով հայտարարել է, որ ԱՄՆ-ի նման որոշումը չի նպաստում տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը, այլ հարվածում է Իրանի ժողովրդին:

Նմանատիպ արձագանք է տվել նաև Չինաստանը: Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակն ընդգծել է, որ Պեկինը դեմ է ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների կիրառմանը:

Վերլուծաբանների կարծիքով այս զարգացումները է՛լ ավելի կլարեն Իրանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունները, ինչպես նաև բացասաբար կազդեն ամերիկա-չինական առևտրային բանակցությունների վրա: