Գլխավոր Շոուբիզնես «Իմ խաչը»․ Սարգիս Գրիգորյանի, Նարինե Գրիգորյանի, Ալեքսանդր Խաչատրյանի և այլ դերասանների մասնակցությամբ...

«Իմ խաչը»․ Սարգիս Գրիգորյանի, Նարինե Գրիգորյանի, Ալեքսանդր Խաչատրյանի և այլ դերասանների մասնակցությամբ գեղարվեստական նոր ֆիլմ՝ Արցախյան պատերազմի մասին

111

«Իմ Խաչը»․ գեղարվեստական նոր ֆիլմ, որը հոկտեմբերի 4-ից մեծ էկրանից պատմելու է 1991-1992 թթ․ Արցախյան պատերազմում ազատագրական պայքար մղած հայ մարդու մասին: Պատմության ֆոնին ձևավորվում է մեկ այլ պատմություն՝ ֆրանսիացի բժշկի և արցախցի կնոջ միջև։

Ստեղծագործական թիմը հայտնում է, որ սա լայնամասշտաբ կինոնախագիծ է՝ մի քանի երկրի տարբեր կազմակերպությունների՝ այդ թվում՝ մոսկովյան «APcinema», «Ռակուրս» ընկերությունների, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ:

Ֆիլմում նկարահանվել են Նարինե Գրիգորյանը, Սարգիս Գրիգորյանը, Երո Մուրյանը, Շանթ Հովհաննիսյանը, Ալեքսանդր Խաչատրյանը և այլք։ Tert.am Life-ը զրուցել է Սարգիս Գրիգորյանի հետ, որը մարմնավորում է ազատագրական պայքար մղած հերոսի:

«Ֆիլմի աշխատանքները մեկնարկել են 2014 թվականից։ Հինգ տարի է անցել․ եթե պոստերի նկարում էլ նայեք, բավականին երիտասարդ եմ։ Ֆիլմում ներկայացված են իրենց հայրենիքի համար անձնազոհ տղերքի կերպարներ, որոնցից մեկին ես եմ մարմնավորում։ Ներկայացված է Արցախյան ազատագրական պայքարի դեռ վաղ շրջանը, երբ ֆիդայական շարժումը նոր էր, ջոկատներ էին ձևավորվում, ինչի համար տղերքից պահանջվել է մեծ ուժ, մեծ հավատ: Հայրենիքը պահելու այդ մղումն ամեն մեկն արտահայտել է այնպես, ինչպես կարողացել է։ Ֆիդայական այդ ոգին փորձել եմ հավաքական կերպարով ներկայացնել։ Նայել եմ ինչ-որ բաներ, զրուցել եմ մարդկանց հետ, լսել նրանց և ստեղծել մի կերպար, որի համար գնահատման առաջին տեղում հայրենիքն է, հետո մյուս արժեքները»,- ասաց Սարգիսը։

Դերասանի խոսքով՝ զինվորական համազգեստ հագնելն իր համար այլ պատասխանատվություն է, այս դեպքում ինքն իր առջև բոլորովին այլ խնդիրներ է դնում։ «Յուրաքանչյուր նորմալ մարդ, որը հոգեկան որևէ խնդիր չունի, մի քիչ հասկանում է հայրենիքի արժեքը, հայի առաջ ծառացած խնդիրները, պետք է մեծագույն  հարգանքով և խոնարհումով վերաբերի զինվորական համազգեստին։ Եթե բախտ է վիճակվել, որ այդ համազգեստը հագնես, այն պետք է պատվով կրես, որպեսզի խեղկատակի տպավորություն չթողնես, քանի որ ներկայացնում ես հազարավոր մարդկանց, որոք իրենց կյանքն են զոհել։ Պետք է այդ հերոս տղերքին արժանապատիվ ներկայացնել, այնքան նուրբ է սահմանը, որից հետո հնարավոր է սխալվել և  իրականությունից հեռանալ, այդ սխալն անելու իրավունքն չունես,- ասաց դերասանն ու հավելեց,- նախ՝ դու չես անցել այդ ճանապարհը, երկրորդ դա չպետք է դառնա «կապիկություն»: Դա աշխատանք է, որի  վրա շատ գումար է ծախսվել։ Չպետք է մարդիկ նայեն ու ասեն՝ տղա ջան, եթե մի բան չգիտեիր, գոնե հարցնեիր։  Ինձ համար մեծագույն խնդիր է այդ համազգեստը ներկայացնել համապատասխան, պարզ ճակատով և համահունչ»։

Դերասանն ասաց, որ տարիների ընթացքում շատ բան է փոխվել, հիմա նույն կերպարն այլ կերպ կխաղար:

«Այս տարիների հետ իմաստությունս, տարիքս, փորձս ավելացել են, ինչ-որ չափով մտածողությունս է փոխվել, թեև անկեղծության առումով՝ որևէ բան չի փոխվել։ Առհասարակ, կերպար կերտելիս շատ եմ կարևորում դա, որովհետև շատ բաներ երկրորդական են դառնում, եթե կերպարիդ չես տալիս անհրաժեշտ անկեղծությունը։ Խաղաոճս, կարծում եմ, կփորխվեր, անկեղծությունս՝ ոչ: Դա շատ կարևոր է, դրա շնորհիվ է, որ կերպարս հաստատ չի տուժել»,- ասաց նա:

Ֆիլմի բեմադրող ռեժիսորը Շավարշ Վարդանյանն է, երաժշտությունը հեղինակել է Հայկոն, իսկ ֆիլմի պրոդյուսերներն են Հրաչյա Մեսրոպյանը և Վալերի Սահարյանը։