Գլխավոր Նորություններ ԱՄՆ-ն Իսրայելին կասկածում է Թրամփի հեռախոսը գաղտնալսելու փորձի մեջ

ԱՄՆ-ն Իսրայելին կասկածում է Թրամփի հեռախոսը գաղտնալսելու փորձի մեջ

22

Ամերիկյան իշխանությունները երկու տարվա ընթացքում հանգել են այն եզրակացությանը, որ Վաշինգտոնում գտնված բազմաթիվ լրտեսական սարքերը, ամենայն հավանականությամբ, տեղակայել է Իսրայելը, գրում է Politico-ն՝ վկայակոչելով երեք իրազեկ աղբյուրի։

Սարքերին հետևելու և պատասխանատու անձանց հայտնաբերելու նպատակով մասնագետների մի ամբողջ թիմ է աշխատել։ Թիմը վերլուծել է բոլոր մանրամասները, դրանց ծագման մոտավոր վայրերը, արտադրության տարիները և արդյունքում եկել է այն եզրահանգման, որ «դրանց տեղադրման պատասխանատվությունը կրում են իսրայելցիները», պատմել է հետախուզական ծառայության նախկին բարձրաստիճան աշխատակիցը։

Հեռախոսները գաղտնալսող սարքը տեղակայված է եղել Սպիտակ տան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նստավայրի մոտ։ Ի տարբերություն այլ երկրների հետ դեպքերի՝ հրեական պետության համար այս դեպքը անհետևանք է մնացել, քանզի ԱՄՆ-ն նույնիսկ չի դատապարտել Իսրայելին իր այդ քայլի համար, նշել են պարբերականի զրուցակիցները։

Աղբյուրներից մեկը նշել է, որ լրտեսական սարքերը, հավանաբար, նախատեսված էին անմիջապես Թրամփին, ինչպես նաև նրա օգնականներին և համախոհներին գաղտնալսելու համար:

Պարբերականի հաղորդմամբ՝ հայտնի չէ, թե արդյոք իսրայելցիներին հաջողվել է որևէ տեղեկատվություն ստանալ տեղադրված գաղտնալսող սարքերից, թե ոչ։

ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանատունը կտրականապես հերքում է գաղտնալսող սարքերի տեղադրումը։ Նման պնդումները դիվանագետները բացարձակ անհեթեթություն են որակել։